Բաժիններ՝

Թմրամիջոց` արդուկի ու կարի մեքենայի մեջ. pastinfo.am

pastinfo.am –ի փոխանցմամբ`Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը օրերս կայացրած դատավճռով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ռասուլմոհամմադ Բելալի Մարաղեբիգիլանիին դատապարտեց 11 տարի ազատազրկման` նրան մեղավոր ճանաչելով առանձնապես խոշոր չափերի թրմամիջոցների ապօրինի շրջանառության համար:

Այս քրեական գործը ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր 2013թ-ի դեկտեմբերի 24-ին, այն բանից հետո, երբ ԱԱԾ աշխատակիցները մաքսային պահեստում նրան պատկանող ուղեբեռում մի քանի կգ քաշով թմրանյութ էին հայտնաբերել: Այն, ի դեպ, փորձ էր արվել Երևանից Կանադա արտահանել:

Գործի քննության ընթացքում պարզվել էր, որ Ռասուլմոհամմադ Բելալի Մարաղեբիգիլանիին համոզել էր Երևան գալ «Ռաֆիկ» անունով մեկը, ով խոստացել էր ոչ միայն վճարել Մարաղեբիգիլանիի ապրանքները Թեհրանից Կանադա ուղարկելու ծախսերը, այլև 1000 դոլար վճարել նրա ծառայությունների դիմաց և ես 1500 դոլար էլ Մարաղեբիգիլանին պետք է ստանար, երբ ավարտեր իրեն վստահված գործը:
Իսկ գործը հետևյալն էր` Հայաստան ժամանելով, նա պետք է ստանար «Դիդիար Սեր Գիթի» ուղևորափոխադրող ավտոտրանսպորտային ընկերության միջոցով իր անվամբ ուղարկված էլեկտրական արդուկ-պրես սարքի մեջ քողարկված 1.928,4 գրամ և կարի մեքենայի պահեստամասի մեջ քողարկված՝ 4.200 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցը: Իսկ ստանալուց հետո պետք է դրանք առաքեր Կանադա` «Ռաֆիկի» տված կանադական հասցեներով։

Ռասուլմոհամմադ Բելալի Մարաղեբիգիլանին, 2013 թվականի դեկտեմբերի 16-ին ստանալով «Ռաֆիկի» ուղարկված ապրանքներում քողարկված թմրամիջոցները, դրանք տեղափոխել և պահել է Երևանի «Հոսթել» հյուրանոցի իր վարձակալած համարում: Ապա, «Ռաֆիկից» էլեկտրոնային փոստով ստանալով Կանադայի հասցեները, ձեռնամուխ է եղել թմրամիջոցներն այդ երկիր ուղարկելուն: Չբռնվելու համար, նա էլ իր հերթին է փորձել գործարքն իրականացնել այլ անձանց միջոցով: Օրինակ, էլեկտրական արդուկ-պրես սարքի մեջ թաքցված 1.928,4 գրամ «ափիոնը» միջազգային փոստային սուրհանդակային ծառայություն իրականացնող «Դի էյջ էլ» կազմակերպության միջոցով փորձել է Կանադա ուղարկել իր հայրենակցի փաստաթղթերով` դրա դիմաց նրան 700 դոլար առաջարկելով, իսկ կարի մեքենայի պահեստամասերի մեջ թաքցված 4.200 գրամ «ափիոնը» միջազգային փոստային և սուրհանդակային ծառայություն մատուցող «Տի Են Տի» կազմակերպության միջոցով փորձել է ձևակերպել իրեն գրասենյակ հասցրած տաքսու վարորդի փաստաթղթերով:

Սակայն, երբ նրանք հրաժարվել են, ստիպված դրանք Կանադա ուղարկելու համար ձևակերպել է իր անվամբ: Բայց բեռներն այդպես էլ Կանադա չեն հասել, քանի որ հայտնաբերվել են մաքսային պահեստում ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված ուղեբեռի խուզարկության ժամանակ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս