Բաժիններ՝

Այսօր Վարդավառի տոնն է

Վարդավառի տոնն այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հուլիսի 27-ին: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը խորհրդաբանական առումով երկնքի և երկրի կապն է, ինչպես նաև Աստծո և մարդու կենդանի շփումը, երբ ամպի միջից հնչեց Հայր Աստծո ձայնը. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրան լսեցեք» (Մատթ. ԺԷ 5): Այն երևակայական չէր և տեսիլք չէր, այլ իրականություն էր, թե ինչպես Աստծո նախախնամությամբ Թաբոր լեռան վրա Մովսես և Եղիա մարգարեները խոսում էին Քրիստոսի հետ մարդկության փրկության համար և Նրա Երուսաղեմում խաչելության վերաբերյալ:

Մասնակիցներից մեկը՝ Պետրոս առաքյալը, նշում է. «Ոչ թե հնարովի առասպելների ետևից գնալով է, որ ձեզ ճանաչեցրինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունը և գալուստը, այլ մենք իսկ ականատես եղանք Նրա մեծությանը. քանի որ Նա Հայր Աստծուց ստացավ փառք և պատիվ, երբ մեծավայելուչ փառքից եկավ այս ձայնը, թե.

«Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ հաճությունը»: Եվ երկնքից եկող այս ձայնը լսեցինք մենք իսկ, որ ներկա էինք սուրբ լեռան վրա» (Բ Պետրոս Ա 16-18): Քրիստոս Իր Պայծառակերպությամբ ցույց տվեց, թե ինչպիսին էր Ադամը դրախտում: Արգելված պտուղը ճաշակելուց հետո Աստծո փառքը՝ լույսը, հեռացավ Ադամից, և տեսավ, որ մերկ են: Քրիստոսի պայծառակերպությամբ վերստին մարդկությանը բաշխվեց աստվածային շնորհը՝ խարսխված ավետարանական հետևյալ խոսքի վրա.

«Այն ժամանակ արդարները երկնքի արքայության մեջ կծագեն ինչպես արեգակը» (Մատթ. ԺԳ 43):
Նախքան քրիստոնեությունն այն հիշատակն էր ջրհեղեղի, ինչպես ավանդությունն է պատմում, երբ լրացավ ջրհեղեղի մեկ տարին, Նոյը ջուր ցողեց իր որդիների և ընտանիքի վրա՝ ի հիշատակ Աստծո կապած այն ուխտի, թե այլևս ջրհեղեղով չի ոչնչացնի աշխարհը: «Այլևս ջրհեղեղ չի լինի, որպեսզի բոլոր էակները չոչնչանան» (Ծննդոց 9:15):

Հետագայում, բազմաստվածության ժամանակաշրջանում այն վերագրվեց «վարդամատն» Անահիտին, որին նվիրված տոնակատարությունների ժամանակ վարդաջրեր էին ցողում մեկը մյուսի վրա: Ժողովրդական այս ավանդություններն այնքան են ներծծված մեր ժողովրդի գենետիկ հիշողության մեջ, որ դրանք շարունակվում են մինչև այսօր՝ շաղախվելով քրիստոնեական արժեքներին:
Տոնին հաջորդող օրը՝ հուլիսի 28-ին, ննջեցյալների հիշատակության (մեռելոց) օր է:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս