Կառավարության հատկացրած ասֆալտապատման գումարը տնտեսվում է
asparez.am-ը գրում է. ՀՀ կառավարությունն այս տարի Գյումրու 3 փողոցի վերանորոգման համար հատկացրել է շուրջ 219 մլն 570 հազար դրամ:
Աշխատանքների պատվիրատուն Շիրակի մարզպետարանն է: Մինչեւ նոյեմբերի 1-ը մասնակի կվերանորոգվեն քաղաքի Գորկու փողոցը (8700 քառ մետր, Մուսայելյան փողոցից Խաղաղության օղակ), Շիրակացի փողոցը (12 000 քառակուսի մետր, թիվ 11 մանկապարտեզից մինչեւ Գորկու փողոց) եւ Պռոշյան փողոցը (1600 քառ մետր, Գ.Նժդեհ փողոցից մինչեւ Մազմանյան փողոց):
Մասնակի վերանորոգման աշխատանքները կկատարվեն այս 3 փողոցների միայն երթեւեկելի մասերում, մայթերը չեն վերանորոգվելու:
Փողոցների ընտրությունը կատարվել է Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի համատեղ քննարկման արդյունքում, եւ հաշվի է առնվել դրանց ծանրաբեռնվածությունը` տրանսպորտային միջոցների հոսքի քանակը, երկար ժամանակ վերանորոգման չենթարկվելու հանգամանքը, դրանց կարեւորությունը քաղաքի տրանսպորտային միջոցների տեղաշարժը ապահովելու ուղղությամբ եւ այլն:
Շիրակացի փողոցի վերանորոգման մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն, հաղթող է ճանաչվել «ԱխուրյանԿոոպՇին» ՍՊԸ-ն: Այս փողոցի մասնակի վերանորոգման համար տրամադրվել է շուրջ 125 մլն դրամ, իսկ մրցույթով հաղթած կազմակերպության հետ պայմանագրի արժեքը կազմում է մոտ 120 մլն դրամ:
Պռոշյան փողոցի վերանորոգման մրցույթին մասնակցել է 4 կազմակերպություն, հաղթող է ճանաչվել «ԷլիտԱրմանՇին» ՍՊԸ-ն, կառավարությունն այս փողոցի համար հատկացրել է մոտ 14 մլն 570 հազար դրամ, մրցույթը շահող կազմակերպությունն աշխատանքները կկատարի 14 մլն 210 հազար դրամի շրջանակում:
Գորկի փողոցի վերանորոգման մրցույթին էլ մասնակցել է 5 կազմակերպություն, հաղթող է ճանաչվել «Դանիկոh» ՍՊԸ-ն: Նախատեսված մոտ 80 մլն դրամից կազմակեպությունը կծախսի մոտ 77 մլն 700 հազար դրամ:
Տնտեսվող գումարի վերաբաշխման եւ մրցույթն հաղթած շինկազմակերպությունների պարտականությունների եւ այլ հարցերի վերաբերյալ զրուցեցի ՇՄ տրանսպորտի, ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի հետ:
-Պարոն Խնձրցյան, շինկազմակերպությունների հետ ձեր կնքած պայմանագրերի արժեքները կառավարության հատկացրած գումարներից պակաս են, տնտեսված գումարն ինչպե՞ս է վերաբաշխվելու:
-Ստացել ենք կառավարության որոշման նախագիծ. տնտեսված գումարները վերաբաշխվելու են այլ գործառույթներ իրականացնելու համար, հնարավոր է, որ այս գումարը նպատակաուղղվի հրատապ խնդիրների լուծմանը:
-Մեր քաղաքում «Դորոժնիկը», «Շիրակջրմուղկոյուղին» գրեթե մշտապես աշխատանքներ են կատարում. այս ամենը, նախքան ասֆալտապատման աշխատանքների մեկնարկը, հաշվի առնվե՞լ է:
-Մինչեւ փողոցների վերանորոգման աշխատանքների սկսելը, համապատասխան գրությամբ դիմել ենք «ՀայՋրմուղկոյուղուն», որպեսզի այդ 3 փողոցներում աշխատանքներն ավարտեն, այսինքն` ջրագծերի վերանորոգման աշխատանքները ավարտեն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: