Բաժիններ՝

Ռուսաստանը սահմանափակում է «ամպային» տվյալների տարածումը. Կգնա՞ Հայաստանը նույն ճանապարհով

Ռուսաստանի քաղաքացիների անձնական տվյալների արտերկրում տարածումն արգելող օրենքը վերին աստիճանի բացասական ազդեցություն կունենա: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում տվեց Հայաստանի Ինտերնետ հանրություն ՀԿ-ի փոխտնօրեն Գրիգոր Սաղյանը:

Ըստ նրա՝ այսօր աշխարհի ամենահայտնի տրենդը ամպային հաշվարկներն են, որը համակարգիչների մի բազմություն է՝ տեղակայված տարբեր հարթակներում, տարբեր երկրներում, ինչն օգտագործման տեսակետից ավելի հարմար է: Սաղյանը նշեց, որ ամպային համակարգում բազմաթիվ համակարգիչներ իրար այնպես են միացված, որ հանդես են գալիս որպես մեկ համակարգիչ, այսինքն՝ որպես ամպ: Նրա խոսքով՝ եթե ռուսաստանցիների անհատական տվյալները պետք է լինեն միայն ՌԴ տարածքում, ապա ՌԴ-ն կամ ինքը պետք է ստեղծի, կամ ընդհանրապես չպետք է օգտագործի ամպային տեխնոլոգիաները. «Աշխարհի սերվերների մեծ մասը ԱՄՆ-ում է, 2012 թ. տվյալներով 105 մլն սերվեր, իսկ ՌԴ-ում 0.5 մլն սերվեր, այսինքն՝ հզորությունների տարբերությունն անհամեմատելի է: Այսօր ամենալավը «Ամազոն» ընկերության համակարգն է և, եթե անձն իր տվյալները պահում է ամերիկյան համակարգում, ստանում է գրեթե 100% պաշտպանություն: Բայց մյուս կողմից նման ամպային համակարգում գործնականոմ հնարավոր չէ իմանալ, թե որտեղ է գտնվում տվյալը, օրինակ՝ անունը կարող է լինել Նյու Յորքում, ազգանունը՝ Չիկագոյում, հայրանունը՝ Մյունխենում»:

Գ.Սաղյանի կարծիքով՝ ՌԴ նոր օրենքի պահանջներն աբսուրդ են, որոնք հակասում են տեխնոլոգիաների զարգացմանը: Ըստ նրա՝ հնարավոր է՝ ՌԴ-ն նպատակ ունի ստեղծել ԱՄՆ-ին մրցակից ամպային համակարգ: Նա հերքեց, որ այս նոր օրենքը կխթանի օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչությունների բացումը Ռուսաստանում, որովհետև մեծ ժողովրդականություն ունեցող ընկերությունների հետ երկկողմանի պայմանագրեր են կնքվում, որ իրավապահների պահանջով բացահայտեն, թե որևէ անձ ինչ տեղեկատվություն է փոխանցել: Եթե նման համաձայնագիր չլինի, ապա այդ ընկերության հետ աշխատել ռուսական օգտվողները չեն կարող:

Գ. Սաղյանը նշեց, որ վերջերս Ստամբուլում համաժողովում եվրոպացի ներկայացուցիչներն ընդունեցին, որ անհատական տվյալների պաշտպանությունն այսօր գրեթե անհնար է և տեխնոլոգիաների այս դարում դա չի կարելի ապահովել:

«Հայաստանին նման վտանգ չի սպառնում, որ այս հարցում ընդօրինակենք ռուսներին և մենք էլ սահմանափակումներ մտցնենք: Ես վստահ եմ, որ մեր ղեկավարությունը շատ մեծ տեղ է տալիս ինտերնետի ազատությանը և մենք տեսնում ենք, որ ՀՀ-ում ինտերնետը լրիվ ազատ է: Ընդհանուր առմամբ նման միտումներ չկան, թեև ՀՀ-ում ևս մշակվում է անհատական տվյալների պաշտպանության մասին օրենք, իսկ թե այն կլինի եվրոպական, թե ռուսական մոդելով, կտեսնենք զարգացումներից հետո»,- ասաց ՀԿ-ի փոխղեկավարը:

 

Ըստ նրա՝ ՄՄ շրջանակներում միայն մասքային օրենքներն են գործելու, իսկ մյուս օրենսդրության վրա միությունը չի ազդում. «ՄՄ դեպքում կլինեն օրենսդրության ունիֆիկացիայի հարցեր, Եվրազեսի շրջանակներում օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի: Բայց այդ դեպքում էլ չի լինելու ինչ-որ պարտադրանք: Սակայն էլեկտրոնային առևտրի դեպքում հնարավոր է լինեն սահմանափակումներ, բայց դրամատիկ ազդեցություն չի ունենա»:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն օտար ինտերնետային բոլոր ընկերություններին, որոնք վաճառք են իրականացնում Ռուսաստանում, պարտավորեցնում է ռուսաստանցիների անձնական տվյալները պահպանել միայն երկրի տարածքում: Այժմ այդ ընկերությունները ռուսաստանցիների անձնական տվյալները հավաքելիս, այդ թվում նաև ինտերնետի միջոցով, պարտավոր են դրանք պահպանել Ռուսաստանի տարածքներում գտնվող տվյալների բազաներում: Դա նշանակում է, որ օտար ինտերնետային ընկերությունները, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը կամ Booking.com-ը պետք է սեփական ներկայացուցչությունները բացեն Ռուսաստանում, որպեսզի հնարավորություն ստանան պահպանելու ռուսաստանցիներին առնչվող անձնական տեղեկատվությունը: Նոր օրենքի ընդունման հետևանքներից մեկը կարող է լինել այն, որ ոչ միայն անհնար կդառնա ինտերնետի միջոցով տոմսեր և հյուրանոցային համարներ ամրագրելը, այլև՝ օտար ավիաընկերությունների ծառայություններից օգտվելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս