Բնակիչը բողոքում է՝ հոսանքի դիմաց իր հաշվին մեծ գումարներ են գրվում
asparez.am-ը գրում է. Գյումրու Աճեմյան 26 հասցեի բնակիչ Ռոզա Ղուկասյանը բարձրաձայնում է հոսանքի դիմաց իր հաշվին գրվող բավական մեծ գումարների մասին: Բնակիչը պնդում է, որ նույնիսկ ամռան սեզոնին ստիպված է լինում բավական մեծ գումար վճարել էլեկտրաէներգիայի դիմաց: Վերը նշված հասցեում Ռ.Ղազարյանը բնակվում է դստեր ու թոռան հետ, իսկ տան միակ եկամուտը տատիկի թոշակն է ու նպաստը, որը հազիվ բավականացնում է դեղերի ու սննդի համար:
-Տանը տեխնիկա էլ չունենք, 40 մոմանոց լամպչկեն է ու էս փոքր հեռուստացույցը: Ձմեռը 40.000, գարունը 25.000, ամառը`18.000, 12.000: Էս արդեն գործարան աշխատեցնողի գումար է ու ահավոր է: Սառնարան էլ չենք միացնում, հազարից մեկ, երբ ինչ-որ բաներ ենք ունենում սառնարանը դնելու՝ միացնում ենք, եթե չէ՝ դատարկ միացնելու իմաստը որն է:
Տարիներ շարունակ մենք ձմեռը տաքացել ենք պլիտով, բայց հեչ մի անգամ 40.000 չի եղել, եղել է ամառվա վարձի չափ՝ 15.000-17.000 դրամ, -նշում է Ռ.Ղուկասյանի դուստրը՝ Ջուլիա Ղուկասյանը: Բնակչի ներկայացմամբ՝ մոտ մեկ ամիս օգտագործում է գազի բալոն, քանի որ բնական գազ չունեն, բայց կրկին 12.000 էլեկտրաէներգիայի վարձ են մուծել.
«3-4 ամիս առաջ դիմեցի էլցանց, եկան, նայեցին, ասացին, թե հոսանքը մաքուր գալիս է: Ըդպես բան հնարավոր չէ, որ տոկը մաքուր գա ու էսքան գումար գրի: Էլցանցից ասացին, որ հաշվիչ կբերեն ու մեր տանը կտեղադրեն, հլը մինչեւ էսօր բդի էդ հաշվիչը բերեն: Ընձի կըսեն՝ դու բռնցրա, թե ով է գիծ ընկնողը»,-նկատում է Ջ.Ղուկասյանը:
«ՀԷՑ» ՓԲԸ-ի «Գյումրի» մասնաճյուղի 7-րդ տեղամասի պետ Սեյրան Հակոբյանի եւ տվյալ տեղամասի տեսուչ Հարություն Չադրյանի հետ արդեն բնակչի տան մոտ փորձեցինք հասկանալ իրավիճակը, բնակչի դժգոհությունն ու պահանջները: Եւս մեկ անգամ, արդեն պատասխանատուների ներկայությամբ, Ջ.Ղուկասյանը խոսեց ավել գրված հոսանքի ու անհրաժեշտ հաշվիչ սարքի մասին:
Ս.Հակոբյանի եւ Հ.Չադրյանի վստահեցմամբ՝ տիկինն իրենց եւս անընդհատ ասել է իր խնդրի մասին, իրենք եկել, տարածքն ու հոսանքալարերը ստուգել են, բայց ամեն ինչ եղել է կարգին: Հաշվիչ տեղադրել առայժմ չեն կարողացել, որովհետեւ հաշվիչ չեն ունեցել: Հ.Չադրյանը ներկայացրեց նաեւ վերջին մեկ տարվա ընթացքում բնակչի սպառած էլեկտրաէներգիայի բոլոր ցուցմունքները. «Տեսեք, ձմեռը շատ է եղել, որովհետեւ պլիտա են վառել, քանի օրերը տաքացել են՝ սպառած կիլովատներն էլ քչացել են: Էս թաղից մենակ ինքն է, որ նման բան է ասում ու սա առաջին դեպքը չէ: Որ ասում է, թե հոսանք են գողանում, ինչպե՞ս կարող է դա լինել, եթե հաշվիչից մինչեւ իր տուն՝ ընդամենը 10-15 մետր է»,-ավելացնում է Հ.Չադրյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: