Բաժիններ՝

Գիտակցության խանգարումներ. Առաջին օգնություն

Գիտակցությունը արտաքին ազդակների հանդեպ ուղեղի բնածին կամ ձեռքբերովի ռեակցիաների ամբողջությունն է, որի միջոցով օրգանիզմը ապահովում է կապը արտաքին միջավայրի հետ։ Այս մասին գրում է doctors.am-ը:

Խանգարման ընդհանուր նշաններ

  • նյարդային համակարգի խանգարումներ՝

– տեսողության, խոսքի, լսողության, կողմնորոշման, հիշողության, զգացողության և այլն,

– գլխացավ, գլխապտույտ,

– շշմածություն, թուլություն,

– սրտխառնոց, փսխում,

– ցավի ռեակցիայի բացակայություն,

  • շնչառության փոփոխություններ,
  • անոթազարկի փոփոխություններ,
  • մաշկի գույնի փոփոխություններ։

Առաջին օգնություն

  • Ապահովել տուժածի անվտանգությունը։
  • Հանգստացնել տուժածին։
  • Զանգել շտապօգնություն։
  • Օգնել տուժածին ընդունելու հարմար դիրք։
  • Պաշտպանել տուժածին գերտաքացումից կամ գերսառեցումից։

Գիտակցության կորուստ: Ուշագնացություն

Ուշագնացությունը գիտակցության կորստի հետևանք է, որը զարգանում է գլխուղեղի արյան շրջանառության կարճատև խանգարման արդյունքում։ Ուշագնացության պատճառ կարող է լինել զգացմունքային գերլարվածությունը, փակ տարածքում առանց թարմ օդի երկար ժամանակ գտնվելը, մարմնի դիրքի կտրուկ փոփոխությունը, հղիությունը, ինչպես նաև լուրջ հիվանդությունները։ Այս վիճակին կարող է նախորդել գլխապտույտ, մշուշված վիճակ, տեսողության խանգարում, սրտխառնոց։

Առաջին օգնություն ուշագնացության դեպքում

  • Պահպանել տուժածին վնասվածքից ընկնելիս և պառկեցնել նրան հարթ մակերեսին։
  • Բարձրացնել տուժածի ոտքերը մոտ 20-30 սմ։
  • Տալ շնչելու անուշադրի սպիրտ։
  • Գիտակցությունը վերականգնվելուց հետո խմացնել քաղցր տաք թեյ, ապահովել մարմնի նորմալ ջերմաստիճանը։

Անկախ գիտակցությունը կորցնելու պատճառից երկարատև անգիտակից վիճակում գտնվող տուժածի մկանները թուլանում են, կլման և հազի ռեֆլեքսները բացակայում են, որը հանգեցնում է շնչուղիների անցանելիության խանգարմանը և առաջացնում շնչառության կանգ։

Գիտակցության բացակայության, բայց շնչառության և անոթազարկի առկայության դեպքում տուժածին պետք է շրջել կողքի՝ անվտանգ (ապահով) դիրքի (ԿԱԴ):

Անվտանգ դիրք կողքի վրա. առաջին տարբերակ

Ստորև թվարկած գործողությունները կատարելիս հատուկ ուշադրություն դարձնել տուժածի գլխին և ողնաշարին՝ նկատի ունենալով հնարավոր վնասվածքները.

1. Կանգնել կամ ծնկի իջնել տուժածի կողքին։

2. Մի ձեռքով բռնել ձեր կողմի կոնքազդրային հոդի շրջանից և մի փոքր բարձրացնել կոնքը։

3. Մյուս ձեռքով բռնել տուժածի ձեռքը ափով դեպի վեր, և հնարավորինս խորը հրել այն բարձրացրած ազդրի տակ։

4. Ծալել տուժածի՝ ձեր կողմի ոտքը ծնկան հոդում՝ հնարավորինս մոտ բերելով ոտնաթաթը կոնքին:

5. Ամուր բռնել տուժածի հակառակ կողմի ուսը և կոնքը, դանդաղ և համաչափ շրջել տուժածին և հենել նրան ձեր ոտքին։

6. Տուժածի ազդրի տակ գտնվող ձեռքը բռնել արմունկից և դաստակից ու զգուշորեն հետ տանել և ծալել՝ դաստակը հենելով մեջքին։

7. Շրջելուց հետո վերևում հայտնված նրա ձեռքը ծալել արմունկից՝ ափը դնելով կզակի տակ։

8. Կայունացնել տուժածի գլուխը, զգուշությամբ հետ տանել այն և դեմքը շրջել դեպի ներքև։

9. Բացել տուժածի բերանը։

Հիշե՛ք

Անգիտակից վիճակում գտնվող մարդուն կտրականապես արգելվում է տալ որևէ հաբ, ջուր, ատամների միջև դնել փայտիկ կամ որևէ գործիք։ Արգելել այդ ամենը կատարել ցանկացողներին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս