Դավիթ Խաչատրյանի կալանքը երկարացնելու մասին որոշումը կայացրել է Լյուքս Ստեփանյանի ազգականը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը հուլիսի 4-ին դատապարտվեց 17 տարվա ազատազրկման:

Դատավոր Զոյա Զաքինյանի վճռով՝ Դ. Խաչատրյանը մեղավոր ճանաչվեց նախաքննության ընթացքում նրան առաջադրված մեղադրանքներում՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ և 112-րդ հոդվածի 1-ին մաս): Առաջին հոդվածով նա դատապարտվեց` 13, երկրորդով՝ 4 տարի ժամկետով ազատազրկման: Դավիթ Խաչատրյանն, ինչպես հայտնի է, պնդում էր, որ արձակված կրակոցը պատահականության արդյունք է, ընդունում է, որ իր կատարածը հանցագործություն է, սակայն նշում է, որ սպանություն չի կատարել:

Նշենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել: Պաշտպանական կողմն այն որակել է` որպես «խայտառակ դատավճիռ»՝ հայտնելով, որ այն բողոքարկելու է վերաքննիչ դատարանում:

Քրեական գործի դատական վիճաբանությունների փուլում գտնվելու ժամանակ ամբաստանյալ Դ. Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն իր ճառում նշել էր, որ նախաքննության ընթացքում Դ. Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացրել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը:

Կարդացեք նաև

Ըստ պաշտպանի՝ դատարանը կալանավորման հիմքերից հիմնավոր էր համարել միայն մեկը` գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, ինչն էլ փորձել էր հիմնավորել ոչ թե դատարան ներկայացված կոնկրետ նյութերով կամ փաստական տվյալներով (քանի որ այդպիսիք չէին ներկայացվել), այլ՝ հանցագործությունների հասարակական վտանգավորության աստիճանով և հնչեղությամբ, որոնք, ըստ Ե. Սարգսյանի՝ որևէ պարագայում չեն կարող գործի քննությանը մեղադրյալի կողմից խոչընդոտելու հավանականությունը գնահատելու չափանիշ հանդիսանալ:

Ուշագրավ է, որ քրեական գործն արդեն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվելուց հետո այն դարձյալ մակագրվել էր նույն դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին, ով, սակայն, այդ ժամանակ ինքնաբացարկի մասին որոշում էր կայացրել՝ նշելով, որ Իշխան Ստեփանյանը՝ մահացած Լյուքս Ստեփանյանի հայրը, իր հորաքրոջ որդին է:

Որոշման մեջ, որը տեղադրվել է Datalex դատական տեղեկատվական համակարգում, դատավորը մասնավորապես նշել էր. «2013թ. նոյեմբերի 27-ին վարույթ եմ ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112 հոդվածի 1-ին մասով մեղադրվող Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի վերաբերյալ թիվ 90753513 քրեական գործը, որի նյութերի հետազոտման արդյունքում պարզվեց, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Իշխան Սմբատի Ստեփանյանը, որը գործին մասնակցում է որպես տուժողի իրավահաջորդ, հանդիսանում է իմ հորաքրոջ որդին: Փաստորեն, առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դատավորի ինքնաբացարկի հիմք»:

Քրեական դատավարության օրենսգրքի նշված հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշվում է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, «եթե դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական՝ մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում՝ որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ»:

Մեզ հետ զրույցում Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ եթե դատավորը նախաքննության ընթացքում իմացել է այդ մասին, ապա պարտավոր էր ինքնաբացարկի մասին որոշում կայացնել այն ժամանակ:

Մեր հարցին՝ արդյոք հավանական համարո՞ւմ եք, որ դատավորը նախաքննության ընթացքում կարող էր չիմանալ, որ մահացած Լյուքս Ստեփանյանի հայրն իր հորաքրոջ որդին է, Երեմ Սարգսյանը պատասխանեց.

«Վստահ եմ, որ չէր կարող չիմանալ, որ իր ազգականն է, որովհետև հենց նույն որոշման մեջ դատավորը վկայակոչել է գործի հնչեղությունը (խոսքը կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշման մասին է.- Օ.Հ.): Իսկ եթե ինքը նշում է անում հնչեղության մասին, հետևաբար՝ նաև տեղյակ է այդ գործի մանրամասների վերաբերյալ: Այսինքն՝ որպես այդպիսին` նաև դատավորի մոտ է այդ գործը ոչ հերթական, այլ հնչեղ գործ, ինքը՝ որպես մասնավոր անձ էլ` տեղյակ է դրա մասին: Խոսքը մտերիմ ազգականի մասին էր, այդ հարաբերությունների մեջ չէր կարող չիմանալ, որ հենց իր ազգականի մասին է խոսքը: Պարզապես այդ պահին ինքը դրան անդրադարձ չի կատարել և ինքնաբացարկ չի հայտնել»:

Դատարանում գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք կատարվածը նա գնահատո՞ւմ է որպես խախտում, թե՞ ոչ: Ի պատասխան` Ա. Սարգսյանն ասաց.

«Ես տուժող կողմին եմ ներկայացնում և չեմ կարող այնպիսի հայտարարություններ կատարել, որոնք վնասեն նրանց շահերին կամ չհամապատասխանեն նրանց դիրքորոշմանը: Այո՛, որպես ազատ իրավաբան ես կարող եմ հայտնել իմ դիրքորոշումը, բայց այս պահին ես կաշկանդված եմ տուժողի շահերով և նրանց դիրքորոշումներով: Ես չեմ կարող այդպիսի հայտարարություններ անել: Դա թող գնահատեն իրավաբանները, մյուս կողմի՝ ամբաստանյալի շահերի պաշտպանները, բայց ես դրան գնահատական չեմ կարող տալ, որովհետև դա իմ կողմից կոռեկտ չի լինի առաջին հերթին»: Նա նաև ավելացրեց, թե վստահորդի շահերը գերակա են իր շահերի և դիրքորոշումների հանդեպ. դա սահմանում է փաստաբանի վարքագծի կանոնագիրքը:

Մեզ հետ զրույցում փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դատավորի անաչառությունը լինում է երկու տեսակի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ. «Դրա պարզաբանումը տրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իր նախադեպային որոշումներով: Տվյալ դեպքում մենք խոսում ենք օբյեկտիվ անաչառության մասին, երբ փաստական տվյալներով հնարավոր է` հիմնավորվի, որ դատավորն ազգակցական կապի մեջ է գտնվում կողմերից մեկի հետ: Տվյալ դեպքում որևէ դերակատարում չի կատարում՝ դատարանը մինչդատական վարույթում գործն ըստ էության չլուծո՞ղ, թե՞ դատական նիստի ավարտին գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացրել:

Դատավորը պարտավոր էր ինչպես` նախաքննության, այնպես էլ` դատական քննության փուլում, եթե կան օբյեկտիվ անաչառության մասին վկայող հանգամանքներ, տվյալ գործով կայացնել ինքնաբացարկի որոշում: Եթե ինքն այդ քայլը չի կատարել և որոշում է կայացրել, այն էլ` հօգուտ իր ազգականի, ի վնաս մյուս կողմի, լիովին հիմք է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Իմ համոզմամբ էլ՝ դատավորը կոպիտ խախտում է թույլ տվել, որը հիմք է դատավորի լիազորությունը դադարեցնելու համար»:

Ըստ Ն. Բաղդասարյանի՝ եթե հիմնավորվի, որ այդ փուլում ձեռք են բերվել այնպիսի ապացույցներ, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում, դա կարող է ազդել գործի արդյունքի վրա, բայց եթե այդ փուլում իր մասնակցությամբ չեն կատարվել քննչական գործողություններ, կամ կատարվել են, բայց դրանք չեն դրվել մեղադրանքի հիմքում, դա, ըստ էության, չի կարող ազդեցություն ունենալ գործն ըստ էության լուծող ակտի վրա: Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ այդ դեպքում, սակայն, հիմնավորելով, որ այդ ժամանակահատվածում ինքն ապօրինի է գտնվել կալանքի տակ, ամբաստանյալը կարող է փոխհատուցում ստանալ:

Տեսանյութեր

Լրահոս