
Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ քաղաքապետը Արցախ մեկնել էր շրջագայության. ԳԱԼԱ

Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մովսիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է հաղորդել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի՝ Արցախ այցելությունից: Սարգիս Մովսիսյանի խոսքերով՝ քաղաքապետը Արցախ շրջագայության նպատակով էր մեկնել:
Հիշեցնենք, որ երեկ Արցախում՝ Քաշաթաղի հյուսիսային մասում, ավտոմեքենան պայթել էր ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 մարդ մահացել էր, իսկ 3 հոգի ստացել էին մարմնական վնասվածքներ: Վիրավորներից նաեւ Արմավիրի քաղաքապետն էր, մահացողը՝ վերջինիս վարորդը:
Հիմա արդեն տեղեկություններ են տարածվել, որ Արմավիրի քաղաքապետը Արցախ որսի էր գնացել: ԼՂՀ ոստիկանությունը այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատում, իսկ Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը հերքում է՝ ասելով. «Մարդը արձակուրդում է եղել, իր արձակուրդը ոնց, որտեղ ուզենա, այնտեղ էլ կանցկացնի… Դրան էլ գումարած՝ նա որսի չի գնացել, դա ճիշտ չի»:
Աշխատակազմի ղեկավարն ասաց, որ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հուլիսի 10-ից գտնվում է արձակուրդում՝ դա հերթական արձակուրդն է, ու այդ ընթացքում իրենք չեն հանդիպել: Սարգիս Մովսիսյանն ասաց, որ Արցախ կատարած այցը աշխատանքային չէր:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: