Շանթ Հարությունյան. «Քանի դեռ հայ ժողովուրդը չի հրաժարվել առևտրականի ու վաճառականի հոգեբանությամբ ղեկավարներից, միշտ էլ այլընտրանք չի գտնելու…»

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում այսօր հարցաքննվեցին տուժող ճանաչված երեք ոստիկաններ: Դատարանում հայտարարությամբ հանդես եկան մի քանի ամբաստանյալներ:

Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ վերջին շրջանում շատերն են խոսում, որ Ռուսաստանը դաշնակցին վայել չի վերաբերվում Հայաստանին, արհամարհում է հայկական կողմի շահերը: «Այս ամենը նշելով հանդերձ՝ վերջում ավելացնում են, որ, ցավոք, Հայաստանը, այլընտրանք չունի Ռուսաստանին: Հայտարարում եմ, որ սա սին ու փուչ տեսակետ է, միայն նյութապաշտ ու վախկոտ հասարակություններն են այլընտրանք փնտրում նյութականի միջոցով: Նմաններն ասում են, թե մենք ոչ նավթ ու գազ ունենք, ոչ էլ ծով: Իրականում ճիշտ հակառակն է: Նավթ ու գազ ունեցող երկրների ճնշող մեծամասնությունը աղետի ու ողբերգության մեջ է հենց նավթ ու գազի պատճառով»,- ասաց Շանթ Հարությունյանը՝ նշելով, որ պետությունները միշտ էլ այլընտրանք ունենում են, պարզապես խելք չեն ունենում, «բայց չխոստովանելու համար, որ տվյալ երկրին ու ժողովրդին ղեկավարում են հիմարները, հայտարարում են, թե այլընտրանք չկա»:

Շ. Հարությունյանն ասաց, որ քաղաքագետները նշել են, որ պետությունները տնտեսական կազմակերպություններ չեն ու չեն ստեղծվում առևտրական ու ֆինանսական գործարքների կամ բիզնես ծրագրերի միջոցով. պետությունները ստեղծվում են անձնազոհ, իդեալիստ ու երազկոտ արկածախնդիրների հերոսականության շնորհիվ. «Մարդկային պատմությունը սա վաղուց է ապացուցել»:

«Կրկնում եմ՝ բոլոր նրանք, ովքեր այսօր ընդնում են, որ Ռուսաստանը ոստնահարում է Հայաստանի շահերն ու անվտանգությունը, բայց պնդում են, որ այլընտրանք չկա Ռուսաստանին, վաղն էլ ասելու են, թե այլընտրանք չկա Թուրքիային, հետո էլ Ադրբեջանին զիջումների հարցում: Եվ սա ցույց է տվել հայ ժողովրդի վերջին դարերի պատմությունը: Այն ժողովուրդները, ովքեր իրենց քաղաքական առաջնորդ են ընտրում առուծախի հոգեբանությամբ վաճառականների, իսկապես այլընտրանքից զրկում են իրենց: Նման քաղաքական առևտրականները՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան և այլք, ովքեր սովոր են վաճառել ամեն արժեք, այլընտրանք չգտնելով, նախ վաճառում են սեփական հայրենիքի անկախությունը, ապա հայրենիքն ու հայրենի ժողովրդին: Քանի դեռ հայ ժողովուրդը չի հրաժարվել առևտրականի ու վաճառականի հոգեբանությամբ ղեկավարներից, միշտ էլ այլընտրանք չի գհտնելու ոչ միայն Ռուսաստանին, այլև արտագաղթին ու սեփական հայրենիքում թշվառ կյանքին»,- եզրափակեց Շանթ Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս