Գագիկ Համբարյան. Մենք պարտավոր չենք որևիցե տարածք հենց այնպես զիջել, կամ զիջել նրա համար, որ հայ-թուրքական սահմանը բացվի

«Թուրքական իշխանությունները երբևիցե այդ սահմանը չեն բացի ի վնաս ադրբեջանցիների: Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, և Թուրքիան պետք է որևիցե ժեստ կատարի, և նա, ինչպես միշտ` իր դերասանական ամպլուայի մեջ է: Թուրքիան սահմանը չի բացի, որովհետև դա կվերացնի Հայաստանի շրջափակումը, որը կազմակերպվել է 1993 թվականի աշնանից սկսած՝ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղությամբ»,- հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Հիշեցնենք, որ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման երկրորդ քայլ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրահանգով մինչև սեպտեմբեր պետք է ավարտվեն Հայաստանի հետ սահմանը բացելու հետ կապված նախապատրաստական աշխատանքները: Խոսքը Ալիջանի սահմանային անցակետի բացման մասին է, որը փակվել է 1993 թվականին Ղարաբաղյան հակամարտության ժամանակ:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Թուրքիայի կողմից սահմանի բացումը կբերի նրան, որ ադրբեջանական և թուրքական իշխանությունները վերջնականապես կընդունեն, որ իրենք պարտվել են Հայաստանի նկատմամբ շրջափակման քաղաքականություն վարելու մեջ. «Բացի դրանից՝ 2009 թվականի «արձանագրությունների» չվավերացումը թուրքական պառլամենտի կողմից ևս ցույց է տալիս այն հանգամանքը, որ Թուրքիան ցույց է տալիս այն, որ ինքը ոչ միայն հայ-թուրքական սահմանի բացումը պայմանավորում է կոնկրետ հայկական հարցի խնդրով՝ ցեղասպանության ճանաչման, այլև ուզում է ներթափանցել տարածաշրջան և արդեն Ղարաբաղի խնդիրն է առաջ քաշում»:

Սահմանը բացելուց հետո էլ քաղաքագետը չի բացառում, որ Թուրքիան նորից կփակի Հայաստանի հետ սահմանը: Նա գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսելը հիմա ժամանակավրեպ է, և Հայաստանի իշխանությունները պետք է ավելի կոշտ լինեն այս հարցում.

Կարդացեք նաև

«Լավ կլինի, որ Սերժ Սարգսյանը հետ վերցնի Հայաստանի ստորագրությունը 2009 թվականին Ցյուրիխյան արձանագրություններից, որովհետև դրանք արդեն աշխատում են Հայաստանի Հանրապետության դեմ: Ես զարմացած եմ, որ մեր իշխանությունները շատ ուրախ են, որ ամերիկյան օրենսդիր մարմնի վերին պալատի որևիցե հանձնաժողովում քննարկվում է այդ հարցը: Նրանք ասում են՝ դա շատ ուրախալի բան է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվում է. դրանք սին հայտարարություններ են:

2009 թվականից մինչև հիմա ոչ մի պետություն Հայոց ցեղասպանությունը պետական մակարադկով չի ճանաչել, որովհետև առաջին իսկ ճանաչման փորձի դեպքում թուրքական դիվանագիտությունը հայտարարում է՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում դուք կվնասեք հայ-թուրքական բանակցություններին, կամ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացին, որը իրականում գոյություն չունի:

Հայաստանի և Թուրքիայի միջև երկար ժամանակ ոչ մի բանակցություններ չեն ընթանում, և հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսել ընդհանրապես պետք չէ, քանի որ դրանք գոյություն չունեն ոչ մի ոլորտում»:

Ըստ նրա՝ խնդիրն հետևյալն է. հայ-թուրքական հարաբերությունները ամբողջովին սերտաճած են հայ-ադրբեջանական հարաբերություների հետ, որովհետև առաջնային հարց է Արցախի՝ զիջումների գնալը.

«Ադրբեջանի իշխանությունները դրել են իրենց առաջ մաքսիմալիստական ծրագիր, այսինքն՝ ամեն ինչ մեկից ստանալ, և ստանալ այն դեպքում, երբ 1994 թվականին հենց իրենց խնդրանքով է ստորագրվել զինադադարն Արցախում: Նախ՝ մենք պարտավոր չենք որևիցե տարածք հենց այնպես զիջել, կամ զիջել նրա համար, որ հայ-թուրքական սահմանը բացվի: Իսկ եթե պատկերացնենք, որ՝ լավ, երկու տարածք տվեցինք, իսկ ո՞վ է մեզ երաշխավորելու, որ հայ-թուրքական սահմանը մյուս օրը չի փակվի: Բացի դրանից՝ արյունով և քրտինքով ազատագրված տարածքները երբևիցե ոչ մի տեղ չեն զիջում հենց այնպես՝ որևիցե մեկւն: Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, նորից եմ նշում՝ մոտակա ժամանակներում ես չեմ սպասում և չեմ սպասում դրան նաև մյուս տարի, երբ ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիան կրկին մի քանի դերասանական քայլեր կկատարի, և այդքանով էլ ամեն ինչ կսահմանափակվի»:

 

Տեսանյութեր

Լրահոս