
ԵՄ-ը «Գազպրոմի» ճնշման տակ նվազեցրել է Ուկրաինային գազի ռևերսային մատակարարումների ծավալը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կրճատվել է ԵՄ-ից Ուկրաինա գազի ռևերսային մատակարարումների ծավալը: Կիևը դա կապում է ռուսական «Գազպրոմի» գործողությունների հետ: Այս մասին այսօր Կիևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պռոդանը.
«Ներկա դրությամբ ընթանում է գազի ռևերսային մատակարարումների կրճատում: Մենք կարծում ենք, որ դա կապված է «Գազպրոմի» որոշակի գործողությունների հետ: Դուք լսել եք այն սպառնալիքները, որոնք եվրոպական ընկերություններին հասցեագրել են՝ կապված նրա հետ, թե այդ ռևերսն ապօրինի է:
Կրճատման գործընթացը մեկնարկել է մոտ երկու շաբաթ առաջ. եթե այն ժամանակ ռևերսային օրական մատակարարումների ծավալը կազմում էր մոտ 18 միլիոն խորանարդ մետր, ապա այսօր այն ավելի քան կրկնակի պակասել է. օրական 7 միլիոն խորանարդ մետր»:
Պռոդանը հայտարարել է, որ մտադիր է վաղը մեկնել Բրյուսել՝ հանդիպելու համար էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերին: