PayPal-ի կանխիկացումը արդեն հասանելի է Հայաստանում
PayPal էլեկտրոնային դրամական միջոցների օպերատորը արդեն հասանելի է Հայաստանում՝ Idram վճարային համակարգի միջոցով: Այժմ PayPal («Փեյփալ») հաշվին եղած գումարն հնարավոր է փոխարկել Idram-ի («Իդրամ»), ինչպես նաև հեշտությամբ կանխիկացնել Իդրամ-ի մասնաճյուղերում:
«Նախկինում Փեյփալի հետ կապված մի շարք դժվարություններ կային. Բազմաթիվ օգտատերեր շարունակաբար խնդրում էին իրենց՝ Փեյփալում եղած գումարների կանխիկացման գործընթացը հեշտացնել: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, Իդրամ-ը բավականին երկար ժամանակ աշխատում էր Փեյփալի մի շարք ծառայություններ Հայաստանում հասանելի դարձնելու ուղղությամբ: Այսօր՝ ի ուրախություն բոլորիս, Իդրամ-ը «Իփրայմ Գլոբալ»-ի օգնությամբ կարողացավ ստեղծել հայասատանյան շուկայում այս հնարավորությունը՝ Փեյփալի կանխիկացումը»,- ասաց «Իդրամ» ընկերության զարգացման բաժնի ղեկավար Նարեկ Վարդանյանը:
Փեյփալ համակարգը հիմնադրվել է 1998 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այն միջազգային էլեկտրոնային վճարային համակարգ է, որը թույլ է տալիս կատարել առցանց վճարումներ և գնումներ, ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ, ինչպես նաև՝ իրականացնել ֆինանսական տարբեր գործարքներ ողջ աշխարհում: Փեյփալ համակարգն ունի շուրջ 100 միլիոն օգտատեր, գործում է աշխարհի 190 երկրներում և աշխատում է 25 արտարժույթներով:
Իդրամ-ն առցանց վճարումների և դրամական փոխանցումների իրականացման հայկական վճարային համակարգ է, որը գործում է 2004 թվականից:
Նարեկ Վարդանյանը նշեց, որ արդեն գործում է մասնագիտացված paypal.idram.am կայքը, որտեղ նշելով ստացողի անունը և անձնագրային տվյալները վայրկյանների ընթացքում հնարավոր է իրականացնել Փեյփալ-ի կանխիկացման գործընթացը՝ Իդրամ-ի 14 մասնաճյուղերից մեկում. «Այս նորամուծությունների արդյունքում հայ մասնագետները նույնիսկ կարիք չունեն Փեյփալ-ում հաշիվ բացելու, որպեսզի Փեյփալ-ից ստանան գումարներ: Պարզապես հայտնելով իրենց պատվիրատուներին իրենց անուն-ազգանունը և անձնագրային տվյալները, իրենք կարող են իրենց գումարները կանխիկացնել Իդրամ-ի մասնաճյուղերից»:
Նարեկ Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ շուտով հնարավոր կլինի նաև հակառակ գործընթացը՝ Փեյփալ դրամապանակի լիցքավորում Իդրամ հաշվից:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ խոսեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման սահմանափակումների մասին. «Քանի որ ոլորտն ինքն իրեն տարեկան մոտավորապես 25 տոկոսով զարգանում է, և կան սահմանափակող երևույթներ: Խնդիրներից մեկը հենց էլեկտրոնային առևտրի համար նախատեսված ենթակառուցվածքի բացակայությունն է: Խնդիրը տարբեր կետեր է իր մեջ պարունակում՝ վճարային համակարգեր, մաքսային ձևակերպումների անցումը մեծածավալ մաքսազերծումներից դեպի կուրյերային փոքրածավալ մաքսազերծումներ»:
Բանկային համակարգում լուրջ փոփոխությունների հետ կապված խնդիր կա: Բայց ըստ Կարեն Վարդանյանի՝ կարևորն այն է, որ մաքսային օրենսգրքում նախատեսվում են մի շարք փոփոխություններ՝ հեշտացնելու փոքրածավալ տեղափոխումների մաքսազերծումը.
«Այսօր ունենք մոտ 1500 հոգի, ովքեր առցանց աշխատում են. ծրագրավորողներ են, թարգմանություններ են անում, հոգեբանական ծառայություններ են տրամադրում: Այս մարդկանց համար շատ մեծ դժվարություն էր, քանի որ հարկային դաշտն էլ մշակված չէր, իրենց գումարների կանխիկացումը և տարբեր միջազգային բանկային համակարգերով պտտվում էին՝ ամեն տեղ կորցնելով 2 տոկոս, 3 տոկոս իրենց գումարից: Հիմա այս մարդիկ հնարավորություն ունեն հեշտությամբ այդ խնդիրները լուծել այստեղ գումարային տնտեսման խնդիր կա, իսկ դա նշանակում է, որ ավելի շատ մարդիկ կկարողանան իրենց ծառայությունները սկսեն առցանց վաճառել՝ առավել ևս, որ դրա պահանջարկը կա», – ասաց Կ. Վարդանյանը:
Բացի Փեյփալ-ից, Իդրամ-ի միջոցով արդեն հասանելի են նաև Google Wallet և WebMoney վճարային համակարգերը: Առաջիկայում նաև ավելի հասանելի են լինելու միջազգային այլ համակարգերը Հայաստան:
Փեյփալ-ի համակարգի գլխավոր առավելություններից է այն, որ օգտատերերին հնարավորություն է տալիս վճարումներ կատարել ինտերնետում՝ չբացահայտելով բանկային քարտի տվյալները:
Բավական Ափիցարյան