Աշխատավարձերի բարձրացումը կնպաստի սոցիալական լարվածության թուլացմանը. ԼՂՀ վարչապետ
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մամլո ասուլիսում հակիրճ ամփոփել է գործադիր մարմնի վեց ամսվա կատարած աշխատանքը: Խոսելով հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման մասին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ այն նպաստելու է սոցիալական լարվածության թուլացմանը: Վարչապետի կարծիքով, աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված, հանրապետությունում էական գնաճ` հատկապես պարենային ապրանքատեսակների մասով, չի լինի: Իսկ ինչ վերաբերում է պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի գործակիցների հաշվարկմանը, ապա դա պայմանավորված է ՀՀ և ԼՂՀ միջև առկա համաձայնությամբ, որով սոցիալական և աշխատավարձային քաղաքականությունները պետք է նույնական լինեն: Հետևաբար, ՀՀ-ում ընտրված չափորոշիչները ներդրվել են նաև ԼՂՀ-ում: Պատասխանելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հարցին` կառավարության ղեկավարն ընդգծել է, որ օգոստոսի 11-ից հանրապետությունում էլեկտրաէներգիայի թանկացումը զգալու են խոշոր սպառողները, մնացած բաժանորդների համար պետությունը սուբսիդավորելու է սակագինը: Խոսելով այդ բարձրացման դրդապատճառներից` Ա. Հարությունյանը պարզաբանել է, որ «Արցախէներգո» ՓԲԸ էլեկտրաէներգիա է գնում տարբեր աղբյուրներից, այդ թվում նաև ՀՀ մի շարք արտադրողներից: Ըստ նրա՝ Արցախում գործող հիդրոկայաններից և ՀՀ արտադրողներից էլեկտրաէներգիան «Արցախէներգո»-ն գնում է մինչև 25 դրամով (ներառյալ հարկերը), դրան գումարվում են նաև մոտ 5 դրամի չափով կորուստները, ինչպես նաև ընկերության աշխատակիցների աշխատավարձերը` 8 դրամի չափով, ևս 3 դրամ` վթարների ու այլ ծախսերի դիմաց: «Արցախում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար ներդրողները պահանջում են կիրառել ՀՀ-ում գործող գները: Հիմնականում սրանով է պայմանավորված առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը»,- եզրափակելով իր խոսքը՝ նշել է վարչապետը: