Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահը՝ վկայի կարգավիճակում
2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված, ապա ազատ արձակված Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը քրեական գործով վկայի կարգավիճակում են:
168.am-ի հետ զրույցում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահը դատակոչված են, պետք է ներկայանան դատարան: Փաստաբանը միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ նրանք իրավունք ունեն իրենց վերաբերյալ ցուցմունք չտալ:
Հիշեցնենք, որ թե՛ Տիգրան Խաչատրյանի, թե՛ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ այս գործով քրեական հետապնդում է իրականացվել, նրանք գտնվել են մեղադրյալի կարգավիճակում: Հետագայում նախաքննական մարմինը գտել է, որ նրանց գործողությունները համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին:
Նշենք նաև, որ հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ գործն արդեն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Գործով միակ մեղադրյալն այժմ Արտակ Բուդաղյանն է: