«Պետք է այնպես անենք, որ Հայոց պատմությունը միջազգային պատմության մեջ տեղ գտնի». Կլոդ- Արմեն Մութաֆյան
Նարեկացի արվեստի միությունում այսօր տեղի ունեցավ հանդիպում Հայազգի մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ԵՊՀ պատվավոր դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ-Արմեն Մութաֆյանի հետ, որի հետազոտությունների բնագավառները բազմազան են: Հիմնական աշխատությունները վերաբերում են Գալուայի տեսությանը, գծային հանրահաշվի խնդիրներին, Մերձավոր Արևելքի միջնադարյան շրջանի հարցերին, Կիլիկիայի հայկ. պետության պատմությանը, մշակույթին, երկրաքաղաքական և դիվանագիտական դերին, Արցախի պատմության հիմնախնդիրներին:
Կլոդ Մութաֆյանը Կիլիկիայի հայոց թագավորության պատմության և մշակույթի վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ ունի: Առաջին գիրքը` «Կիլիկյան Հայաստանի խաչմերուկներում», որը երկհատոր աշխատություն է, լույս է տեսել 1988թ. և թարգմանվել նաև հայերեն: Իսկ Կիլիկիայի մասին սկսել է հետաքրքրվել, երբ 1970թ., առաջին անգամ եղել է այնտեղ: Տեսնելով Կիլիկիան` պատմությունն սկսեց առաջանցնել մաթեմատիկայից:
Անցկացվող դասախոսության թեման էր` Հայ թագուհիները և իշխանուհիները Լատին արևելքում: Լատին արևելք ասելով` նկատի ունի խաչակրաց արշավանքներին մասնակցած պետությունները, որոնք ընդգրկում են Միջերկրական ծովի արեւելյան ափը` Կիլիկիայից մինչև Եգիպտոս ընկած տարածքը:
«Դասախոսության համար որոշեցի եզակի նյութ ընտրել, որը քչերին է ծանոթ: Որոշ դաս ունենք քաղելու այդ շրջանի պատմությունից, օրինակ դիվանագիտության այլազանությունը, երբ մեր իշխանուհիները և թագուհիները ցույց տվեցին, որ կարելի է ավելի լայն հայացք ունենալ: Շատ հմուտ էին, զարգացած և արվեստասեր:
Օրինակ` 14-րդ դարի սկզբին, Զաբել իշխանուհին ամուսնացավ Կիպրոսի թագավորի եղբոր` Ամորի հետ, որը, երբ իշխանությունը եղբորից գրավեց, նրան աքսորեց Կիլիկիա: Ինչո՞ւ հենց Կիլիկիա,որովհետև իր կինն այնտեղից էր: Այսնքն` Զաբելը հասկացավ, որ հայոց թագավորությունը փրկելու միակ ձևը` Կիպրոսի հետ միացնելն է, որը հետո փորձեցին անել Պետրոս թագավորի ժամանակ:
Իշխանուհիների մասին հայ մատենագիրները քիչ են խոսում: Պատճառներից մեկն այն է, որ իշխանուհիները դարձել էին կաթոլիկ, ինչի համար նրանց հայ չէին համարում: Ֆրանսիական մատենագրության մեջ տվյալներ կան, որոնք սակայն քիչ են և պետք է վերլուծել: Հենց դա էլ փորձել եմ անել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կլոդ- Արմեն Մութաֆյանը:
Նա ամփոփ և բովանդակալից ներկայացրեց իր ուսումնասիրությունների արդյունքները՝ խոսքը ուղեկցելով քարտեզների, միջնադարյան մանրանկարների և տոհմածառերի թվային սլայդերի ցուցադրությամբ:
Դասախոսության ընթացքում նա հանդես եկավ Կիլիկյան Հայաստանին վերաբերող որոշ դասական սխալների մասին զեկույցով՝ նշելով, որ պատմագիտության մեջ այն ներկայացվում է որպես Հայաստանից կտրված տարածք, ինչն էլ անընդունելի է. «Դասական սխալների ցավալի այդ շարքին է պատկանում Կիլիկյան Հայաստանը՝ որպես լատինական երկրի նախաօրինակի ներկայացումը եվրոպական արդի պատմագիտության մեջ: Այսօր էլ իմ հետազոտություններով փորձում եմ կատարել բոլոր ճշգրտումները:
Խաչակիրների մասին գրված պատմությունները նայելիս` տեսնում ենք, որ այնտեղ Հայաստանը չկա, բայց այն ներկայացնելու կարիք կա: Կիլիկյան Հայաստանը քրիստոնյա Արևելքի ամենից հզոր պետությունն է եղել, բայց ինչո՞ւ այն չկա. սա բարդ խնդիր է, որը պետք է լուծենք: Պետք է այնպես անենք, որ Հայոց պատմությունը միջազգային պատմության մեջ տեղ գտնի»,-ասաց նա:
Դասախոսության ընթացքում մանրամասն ներկայացրեց Զաբել, Մարի, Մելիսենդ, Ժոզելին թագուհիների և մի շարք իշխանուհիների պատմությունները,որոնք աչքի են ընկել իրենց գեղեցկությամբ, դիվանագիտական հմտությամբ:
Դասախոսությանը ներկա էին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը և այլոք:
Երեկոյի ավարտին Կլոդ- արմեն Մութաֆյանն անկեղծացավ և ասաց, որ այսօր իր ծննդյան օրն է և ուրախ է այն նշել այսպիսի միջավայրում :