Բաժիններ՝

Սահմանամերձ Մովսեսը կունենա հրշեջ անձնակազմ

tesankyun.am-ը գրում է. 2011թվականի օգոստոսի 7-ին Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղում օծվեց մոսկվայաբնակ գործարար Վազգեն Վանեսյանի եւ եւ նրան ընկերների բարերարությամբ կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Այդ օրը Մոսկվայում բնակվող մովսեսցիների կողմից գյուղին նվիրվեց հրշեջ մեքենա: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանին հարցրինք, թե ովքե՞ր են այդ մեքենան գործարկում, դրանով գյուղում քանի՞ հրդեհ է մարվել:

Գյուղապետն ասաց, որ այդ ընթացքում, բարեբախտաբար, գյուղում հդեհներ չեն եղել, հրշեջ մեքենան կանգնած է համայնքապետարանի շենքի մոտ՝ իր աշխատասենյակի դեմ-դիմաց: Ա. Ավալյանը հայտնեց, որ այդ մեքենան աշխատեցնելու, հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար անցած 3 տարում ոչ ոք պարապմունքի չի մասնակցել, քանի որ այդ նպատակով հաստիքներ չեն հատկացվել:

Համայնքի ղեկավարին հարցրինք, թե ինչո՞ւ այդ հարցը ինքը չի առաջադրել հուլիսի 5-ին Մովսես այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ավալյանն ասաց, որ դրա կարիքը չկար, քանի որ այդ խնդիրն արդեն լուծված է , Մովսեսի հրշեջ մեքենան սպասարկելու համար տրվել է 2 հաստիք:

Այդ աշխատողները համարվելու են Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ: Նշենք, որ Մովսեսը Բերդ քաղաքից հեռու է մոտ 20 կմ, եւ հրդեհի ահազանգի դեպքում նախկին շրջկենտրոնից հրշեջները կարող են ժամանել մոտ 25-30 րոպեից:

Գյուղապետ Ավալյանն ասաց, որ Մովսեսի հրշեջ մեքենան եւ նոր ստեղծվելիք հրշեջ անձնակազմը, հարկ եղած դեպքում, կսպասարկեն նաեւ հարակից գյուղերին՝ Նորաշենին, Չորաթանին եւ այլ բնակավայրերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս