Սեյրան Օհանյան. Մեզ պետք չէ համեմատել Ադրբեջանի հետ
«Մեր քաղաքական ղեկավարությունը գերագույն գլխավոր հրամանատարի նախագահությամբ իրականացնում է համապատասխան քաղաքականություն, և այդ քաղաքականության շրջանակներում մենք ունենք համապատասխան ռազմական դաշինք, գործընկերներ, որոնց հետ իրականացվում է հստակ մշակված աշխատանք: Լեռնային Ղարաբաղի գործընթացն ունի հստակ կարգավորման պրոցես, և այդ պրոցեսը զարգանում է` անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչքանով է դրանից գոհ կամ դժգոհ»,- «168 Ժամին» տված հարցազրուցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով հարցին` արդյոք հայկական բանակի հրամանատարությունը հնարավոր համարո՞ւմ է սցենար, որի դեպքում Հայաստանն իր և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է պաշտպանի ոչ թե Ռուսաստանի օժանդակությամբ, այլ Ադրբեջան-Ռուսաստան դաշինքից` հաշվի առնելով այն տեսակետները, որ Ռուսաստանը սակարկում է Ադրբեջանի հետ` առաջարկելով Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դիմաց:
Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Հայաստանը մտահոգված է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի փաստերով, և պատասխանելով հարցին` արդյո՞ք կարելի է ենթադրել, որ զենքի մատակարարումներն այլևս մտահոգիչ չափերի են հասել` ստիպելով նախագահին հրապարակայնորեն արտահայտվել դրա մասին, Ս. Օհանյանն ասել է. «Իրականում, միշտ էլ այդ հարցը հնչել է, և մենք ասել ենք` դա մեզ որոշակիորեն անհանգստացնում է: Չեմ կարծում, որ պետք է այդպիսի հարցադրումներ անել, իրականում, այո, մտահոգություն միշտ եղել է: Ամեն դեպքում հակառակորդը զինվում է սպառազինությամբ: Մենք նշել ենք, որ, ըստ էության, ամեն դեպքում, չնայած վաճառքի հանգամանքներին, հայ-ռուսական ռազմական համագործակցության մակարդակը շատ ավելի բարձր հիմքերի վրա է դրված, և մենք իրականացնում ենք հստակ ծրագրեր: Մեզ պետք չէ համեմատել Ադրբեջանի հետ, մենք ասիմետրիկ սպառազինության ծրագրեր ունենք և մրցավազքի մեջ չենք մտնում նրանց հետ»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: