Մանո Խալիլ. «Իմ հերոսին ընտրել եմ՝ ուղղակի որպես մարդ»
«4 տարի առաջ ես իմացա մի քուրդ մարդու մասին, ով մասնագիտությամբ մեղվապահ է, և ինձ համար շատ տարօրինակ էր ծանոթանալ մեկի հետ, որը քուրդ էր, բայց ապրում էր Շվեյցարիայում: Երբ ծանոթացա այդ մարդու հետ՝ նա արդեն ինձ ճանաչում էր, քանի որ դիտել էր իմ ֆիլմերից մեկը: Երբ նրան տեղեկացրեցի, որ ֆիլմ ենք նկարահանելու մեղվապահի մասնագիտության մասին՝ նա շատ ուրախացավ:
Այս ընթացքում մենք շատ մտերմացանք, իրար ավելի լավ ճանաչեցինք»,- ասաց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի վավերագրական մրցույթի մասնակից Մանո Խալիլը, ով ծնվել է սիրիական Քրդստանում:
Ռեժիսորը ֆիլմը նկարահանելու ընթացքում ընկերացել է հերոսի հետ և ասում է, որ նրանք այսուհետ միմյանց հետ շփվում են հարազատների նման.
«Ֆիլմի հիմքում ընկած է իմ և դերասանի անկեղծ ընկերությունը: Ես հոգ եմ տանում հերոսի արարքների մասին: Ես ֆիլմը չեմ նկարահանել ինչ-որ փառատոնում ուղղակի ներկայացնելու համար, որպեսզի հետո թողնեմ հերոսին, մոռանամ: Նախևառաջ՝ մեր ընկերությունն է, սեր և հարգանքն է, որը բերել է այս անկեղծությանը, որը երևում է ֆիլմի մեջ»:
Մանո Խալիլը 1996 թվականից ապրում է Շվեյցարիայում՝ գործելով որպես անկախ կինոռեժիսոր և պրոդյուսեր: Ռեժիսորի խոսքերով՝ «Մեղվապահ» ֆիլմն Իրանի և Շվեյցարիայի համատեղ արտադրության արդյունք է:
Թուրք-քրդական պատերազմի ժամանակ ֆիլմի հերոսը՝ Իբրահիմը, կորցնում է ամեն ինչ՝ կնոջը, զավակներին, իր երկիրը և ավելի քան 500 մեղվի փեթակները, որ իր ապրուստի միջոցն են:
Մանո Խալիլն ասաց, որ իր ֆիլմի հերոսին ընտրել է պատահականության սկզբունքով և ոչ այն բանի համար, որ նա ազգությամբ քուրդ է.
«Քրդեր շատ կան աշխարհով մեկ, բայց ես, առաջին հերթին, իմ հերոսին ուղղակի որպես մարդ եմ ընտրել, ոչ թե՝ որպես քուրդ: Հաշվի չեմ առել նրա ազգային կամ կրոնական պատկանելությունը: Ուղղակի ընտրել եմ մի մարդու, որն ուներ կյանքի ողբերգական պատմություն և այդ ամենը դժվարությամբ էր արտահայտում՝ ընկերության կորուստը, և, միևնույն ժամանակ, շարունակում էր սիրել մարդկանց: Շատ մարդիկ կան, որ եկել են Աֆրիկայից, Ավստրիայից, կարևոր է առաջին հերթին՝ մարդուն համարել մարդ, և ոչ թե պարզապես թիվ»:
Հաջորդ՝ «Քարե գետը» ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Ջովաննի Ֆրանչեսկոն Իտալիայի Ֆլորենցիա քաղաքից է:
Նա հրապարակել է երկու վեպ և լուսանկարչական մեկ ալբոմ: Ջովաննի Ֆրանչեսկոն ասաց, որ Դանթեն է ոգեշնչել իրեն: Ֆիլմը պատմում է ուրվականների մասին, որոնք խոսում են կենդանի մարդկանց հետ:
«Կարելի է ասել՝ այս ստեղծագործությունը վեպ է, որը գալիս է շատ խորքից և մեծ կապ ունի շատ հայտնի գրողների հետ»,- ասաց Ջովաննի Դոնֆրանչեսկոն:
Ֆիլմը պատմում է 20-րդ դարի սկզբին օվկիանոսը կտրած, Վերմոնթ ամերիկյան նահանգի Բարի քաղաքում հաստատված և այնտեղ գրանիտի ամենամեծ հանքը բացած եվրոպացի քարագործների ճակատագրի մասին:
Մի քանի տարվա ընթացքում նրանց մեծ մասը վախճանվեցին սիլիկոզից: 30-ականների վերջին Ռուզվելտի վարչակազմի մի քանի գրողներ Բարիի բնակիչներից հարցազրույցներ էին վերցրել՝ Մեծ լճացման շրջանում Ամերիկայի պատկերը ներկայացնելու համար: Բարիի այսօրվա բնակիչները համաձայնել են ֆիլմի համար կարդալ այդ հարցազրույցների տեքստերը, որ իրենց նախնիները տվել են 30-ականներին:
Այդ մարդկանց ձայնի միջոցով անցյալի և ներկայի մի խռովալի համակցություն ստեղծելով՝ ֆիլմը վերակենդանացնում է սոցիալական բախումների, հիվանդությունների ու մահերի պատմությունները: Պատկերային ոճով ու նորարարական պատումով աչքի ընկնող ֆիլմը ներկայացնում է քարի հետ անվերջանալի տիտանական կռիվ տվող տարագիրների համայնքի պատմությունը: