Վարդան Պետրոսյանի գործով տուժողների ներկայացուցիչը միջնորդում է դատարան հրավիրել «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարի աշխատակիցներին
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր գործով տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդեց դատարան հրավիրել և հարցաքննել «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարի աշխատակիցներին:
Ռուբեն Բալոյանն ասաց, որ տուժող կողմը պնդում է՝ վթարի պահին Վարդան Պետրոսյանը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: «Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ վթարի օրը Վարդան Պետրոսյանը Կոտայքի մարզի Սարալանջ գյուղում գտնվող իր առանձնատանը հյուրընկալել է «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարի աշխատակիցներին: Նշված հաղորդման ֆորմատից ելնելով՝ Վարդան Պետրոսյանը ճաշատեսակ է պատրաստել, այնուհետև բոլորը, այդ թվում նաև «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարի աշխատակիցներ Սուրեն Շահվերդյանը և Դավիթ Վարդանյանը նստել են սեղանի շուրջ՝ համտեսելով այն: Քրեական գործում առկա են տվյալներ, որ ներկաներից ոմանք օգտագործել են օղի, այսինքն՝ հնարավոր է, որ միջնորդությանս մեջ նշված անձանց հայտնի լինեն տեղեկություններ վթարից առաջ Վարդան Պետրոսյանի կողմից ալկոհոլ օգտագործելու փաստի վերաբերյալ»,- ասաց Ռուբեն Բալոյանը՝ միջնորդելով դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել հաղորդաշարի երկու աշխատակիցներին:
Գործով դատախազ Արթուր Սարգսյանն ասաց, որ միջնորդության մեջ նշված անձինք նախաքննության փուլում հարցաքննվել են և հաշվի առնելով, որ ապացուցողական հանգամանքներ չեն նշվել, նրանք դատակոչի ցանկում չեն նշվել: Ամեն դեպքում մեղադրողը չառարկեց միջնորդության դեմ: Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդսարյանը խնդրեց հետաձգել միջնորդության քննարկումը: Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության լուծումը: