Շիրակի մարզից անհետ կորածները դեռ որոնվում են
asparez.am-ը գրում է. ՀՀ գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ, Գլխավոր շտաբի օպերացիոն վարչության ներկայացուցիչները երեկ Գյումրիում հանդպեցին Շիրակի մարզից անհետ կորած զինծառայողների հարազատներին՝ տեղեկացնելու, որ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ապա որոնողական հարցերի հետ կապված լրացուցիչ ճշգրտումներ կատարեցին՝ առանձին փաստաթղթերում լրացումներ անելով: ՊՆ աշխատակիցները այդ ընտանիքների անդամներին խոստացան տեղում բժշկական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաեւ լուծել սոցիալական խնդիրները:
-Մեր այստեղ գտնվելու նպատակներից մեկն էլ ձեզ օգնել ու աջակցելն է, իմանալ՝ ով ինչ խնդիր ունի՝ սոցիալական, ֆինանսական, առողջական: Հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը տարբեր բնագավառից են, ու յուրաքանչյուրը իր ուղղությունով կփորձի ձեզ օգնել, աջակցել,- հանդիպման ընթացքում ներկայացրեց գլխավոր շտաբի օպերացիոն վարչության ներկայացուցիչ, փոխգնդապետ Ասատրյանը:
Բժշկական խումբը տեղում հետազոտում էր առողջական խնդիրներ ունեցողներին՝ խոստանալով վիրահատության անհրաժեշտության դեպքում ամեն ինչ անել անվճար: Սակայն մարզի 11 անհետ կորածներից ոչ բոլորի հարազատներն էին եկել, իսկ ովքեր ներկա էին, առանձնապես հույս չունեին, թե իրենց հարազատները կգտնվեն, քանի որ, ըստ նրանց, 20 տարուց ավել որոնողական աշխատանքներ են իրականացնում, բայց ոչ մի լուր ու տեղեկություն իրենց հարազատներից չունեն:
-1992թ. դեկտեմբերի 14-ից եղբորս՝ Հովհաննիսյան Եղիշին, տարան ու մինչեւ հիմա տեղեկություն չունենք: Ոչինչ չգիտենք, միայն հիշում եմ, որ զինվորական շորերով մի մարդ էր եկել, տնից «վայեննի կամազի» մեջ դրին ու տարան,19 տարեկան էր եղբայրս այդ ժամանակ ու էդ օրվանից ոչինչ չգիտենք նրա մասին,- պատմում է անհետ կորածի քույրը՝ Ալինա Հովհաննիսյանը՝ նշելով, որ զինկոմից եւս եղբոր անհետանալու մասին որեւէ հստակ տեղեկություն չեն ստացել: Այս տարիների ընթացքում իրենց ընտանիքին որեւէ աջակցություն չի ցուցաբերվել:- Ծնողներս թոշակառու են, թոշակը ցածր է, նպաստը 20 հազարից դարձրին 16.000 դրամ:
Մանրամասներն՝ այստեղ