Լևոն Հայրապետյանը և Ռուսաստանում սեփականության նոր վերաբաշխումը

Հուլիսի 15-ին Մոսկվայի օդանավակայանում կալանավորված հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին ներկայացված մեղադրանքների մասով նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: Հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել երկու հոդվածներով` ՌԴ քրեական օրենսգրքի 160 (վատնում) և 174 (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում) հոդվածներով: Մասնավորապես, Լևոն Հայրապետյանին մեղադրում են 2008թ. ռուսական «Սիստեմա» ընկերության կողմից «Բաշնեֆտ» ընկերության ձեռքբերման գործարքից խոշոր չափի միջնորդավճար ստանալու մեջ:

Իսկ ինչո՞ւ են հենց հիմա Ռուսաստանում հիշել այս պատմության մասին, և արդյո՞ք ռուսական Քննչական կոմիտեի թիրախը Լևոն Հայրապետյանն է. կարելի է դատել ռուսական մամուլի որոշ հրապարակումներից: Ռուս որոշ վերլուծաբաններ համարում են, որ Լևոն Հայրապետյանին քրեական մեղադրանք ներկայացնելու գործը Ռուսաստանում ընթացող սեփականության վերաբաշխման գործընթացի մի փոքր դետալ է: Բայց որպեսզի հասկանանք, թե ի՞նչ է կատարվում և ով ում սեփականությունն է վերաբաշխում, փոքր-ինչ անդրադառնանք պատմությանը:

«Բաշնեֆտ» ընկերությունը՝ ռուսական նավթարդյունահանող խոշորագույն ընկերություներից մեկը լինելով, մինչև 1990-ականների վերջը եղել է պետական, իսկ հետո սեփականաշնորհվել է: Որպես սեփականատեր՝ նշվում է Բաշկիրիայի նախկին ղեկավար Մուրտազա Ռախիմովի անունը: Դեռևս 2003թ. ««Բաշնեֆտի» ապօրինի սեփականաշնորհման» գործով քրեական գործ էր հարուցվել, որը, սակայն, ոչ մի արդյունք չի տվել:

2008թ. «Բաշնեֆտի» բաժնետոմսերի հսկիչ փաթեթը ձեռք է բերում «Սիստեմա» ընկերությունը, որպես գործարքի գին՝ նշվում է 2-2,5 միլիարդ դոլարը, իսկ վերջին շրջանում «Բաշնեֆտի» նկատմամբ հետաքրքրություն է դրսևորում պետական «Ռոսնեֆտ» ընկերությունը, որը գործում է Ռուսաստանի ուժային կառույցների, առաջին հերթին՝ ԱԴԾ տանիքի տակ:

levon-hayrapetyan-mec

 

Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Լևոն Հայրապետյանը: Որպեսզի «Ռեսնեֆտը» կարողանա կուլ տալ «Բաշնեֆտին», և այդ գործողությունը քիչ թե շատ օրինական բնույթ ունենա, պետք է ռուս քննիչներն ապացուցեն, որ 2008թ. «Սիստեմայի» կողմից «Բաշնեֆտի» ձեռքբերման գործարքում եղել են ապօրինություններ: «Սիստեմայի» սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, որ 2008թ. «Սիստեման» հանդես է եկել՝ որպես «բարեխիղճ գնորդ»: Բայց ռուսական հատուկ ծառայությունները և Քննչական կոմիտեն պետք է ապացուցեն հակառակը:
Ըստ ռուսական մամուլի՝ «Սիստեմայի» կողմից «Բաշնեֆտի» ձեռքբերման գործում որոշակի դերակատարում է ունեցել Լևոն Հայրապետյանը: Թե հատկապես ինչպիսի՞ն է եղել Հայրապետյանի դերակատարումը՝ ռուսական լրատվամիջոցները չեն գրում: Բայց, ինչպես նշեցինք, Ռուսաստանի Քննչական կոմիտեն փորձելու է ապացուցել, որ այդ միջնորդությունը եղել է հանցավոր, քանի որ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր եկամուտներն օրինականացնելու համար: Եթե միջնորդությունը հանցավոր է, ապա գործարքը ևս կարող է հանցավոր ճանաչվել, որի արդյունքում՝ «Բաշնեֆտը» «Սիստեմայից» կարող է անցնել «Ռոսնեֆտին»:

Ռուսական մամուլում ստեղծված իրավիճակը համեմատվում է ՅՈՒԿՕՍԻ-ի հայտնի գործի հետ: Ըստ ռուս վերլուծաբանների՝ եթե «Սիստեմայի» սեփականատեր Եվտուշենկովը համառի, ապա նրան ևս կարող է սպառնալ Խոդորկովսկու ճակատագիրը:
Ընդհանրապես նման իրադարձություններ, մասնավորապես՝ սեփականության վերաբաշխման դեպքեր, Ռուսաստանում առաջիկայում շատ կլինեն: Ռուսաստանը գնում է ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ տոտալ դիմակայության: Ռուսական իշխանությունը համարում է, որ այդ դիմակայությանը դիմանալու համար ինքը պետք է հնարավորինս կենտրոնացնի երկրի հանքահումքային արդյունաբերությունը և այն դարձնի իր կողմից առավելագույնս վերահսկելի: Հենց այդ պատճառով Ռուսաստանի իշխանությունը որոշում է կայացրել պետականացնել նավթի արդյունահանմամբ և վաճառքով զբաղվող բոլոր հանգուցային ընկերությունները, բոլոր նրանք, որոնք հնարավոր է: Իհարկե, կան ընկերություններ, որոնցում փայատեր են օտարերկրյա նավթային խոշոր ընկերությունները, և դրանց դիպչելուց Ռուսաստանի իշխանություններն առայժմ ձեռնպահ կմնան, բայց «Բաշնեֆտն» այդ ցանկում չէ: Իսկ այդ պրոցեսում հնարավոր է, որ կորուստներ ունենան նաև մեր հայրենակիցները, ովքեր ակտիվորեն ներգրավված են ռուսական բիզնեսում:
Ի դեպ, եթե խոսք գնաց «Սիստեմայի» մասին, ապա պետք է հիշել, որ այս ընկերության, թեկուզ՝ ոչ խոշոր, բայց բաժնետերերից է նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով միաժամանակ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ է: Այսինքն՝ «Սիստեմայի» կողմից «Բաշնեֆտի» կորուստը կորուստ կլինի նաև Ռոբերտ Քոչարյանի համար:

Տեսանյութեր

Լրահոս