Բաժիններ՝

Միջազգային հեղինակավոր ընկերությունը հեռացել է Հայաստանից

Համաշխարհային ճանաչում ունեցող դեղագործական «ԱստրաԶենեկա» ընկերությունը, որ տարիներ շարունակ աշխատում էր նաև հայկական շուկայում, մի քանի ամիս առաջ փակել է ներկայացուցչությունն ու հեռացել Հայաստանից:

Դեղ արտադրողների և ներմուծողների (ԴԱՆ) միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը 168.am-ին ասաց, որ «ԱստրաԶենեկա»-ի նման որոշման պատճառը ՀՀ-ում վարվող մարքեթինգային քաղաքականությունն է, որ հաճախակի փոփոխվում է ու չի համապատասխանում միջազգային չափանիշներին. «Համաշխարհային լավագույն կազմակերպություններից մեկը համարվող այս ընկերությունն ուղղակի պահանջեց կանգնեցնել իր արտադրանքի գրանցումը ՀՀ-ումը, թեև արդեն գրանցված էր, ուղղակի հրաժարվեց այստեղ շարունակել ինչ-որ բան վաճառել ու հեռացավ»: Ըստ նրա՝ դեղերի ոլորտը, բացի բիզնես լինելուց, առաջին հերթին ռազմավարական նշանակություն ունի պատերազմական վիճակում գտնվող երկրի համար, իսկ անկանխատեսելիությունը, օրենքների հաճախակի փոփոխությունները ու երկրի նման պահվածքը ռիսկայնության տակ է դնում ներմուծող տնտեսվարողներին, որոնք մեծ դժվարությամբ են ինչ-որ խոշոր կազմակերպությունների համոզում Հայաստան դեղամիջոց ուղարկել:

Միջազգային նորարարական «ԱստրաԶենեկա» ընկերությունը մտնում է աշխարհի լավագույն հնգյակի մեջ և առաջատար է այնպիսի ոլորտներում, ինչպես կարդիոլոգիան, պուլմոնոլոգիան, օնկոլոգիան և այլն: Ընկերությունը գործում է ավելի քան 100 երկրներում: «ԱստրաԶենեկա» ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի, Ստոկհոլմի, Նյու Յորքի բորսաներում: Այն մտնում է ամենակայուն ընկերությունների առաջին 6% մեջ՝ ըստ միջազգային և եվրոպական չափանիշների, այդ թվում՝ Dow Jones-ի գործակցով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս