Արդյո՞ք անգլիական նավերը կբարձրանան հայկական լեռները

ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամության խմբի անդամները Մեծ Բրիտանիայի միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի հրավերով հուլիսի 6-12-ը մեկնել էին Լոնդոն, որտեղ, ըստ պատվիրակության անդամների՝ շատ կարևոր հանդիպումներ են ունեցել և շատ կարևոր աշխատանք կատարել՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի: Պատգամավորները, բացի Լոնդոնից, եղել են նաև Ռիդինգ շրջանում, հանդիպում ունեցել այդ շրջանի պատգամավորի հետ, եղել են Օքսֆորդում և ծանոթացել նրա կրթական հնարավորություններին: Մեծ Բրիտանիա մեկնած պատգամավորներն այսօր ասուլիս էին տալիս և պատմում, թե ինչ հարցեր են քննարկվել Բրիտանիայում: Մասնավորապես, նրանք ասում էին, որ իրենք քննարկել են տնտեսական հարցեր. օրինակ՝ ՕԵԿ-ական Լևոն Դոխոլյանը պատմում է, որ քննարկվել է Բրիտանական սուպերմարկետներում հայկական գյուղատնտեսական մթերքների  վաճառքի հարցը: Իսկ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը պատմում է, որ իրենք խնդիր են դրել, «որ  Մեծ Բրիտանիային մասնակից դարձնենք Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ պայքարին»:

Արծվիկ Մինասյանը միանգամայն իրատեսական է գնահատում այն միջավայրը, որում կարող են զարգանալ հայ-բրիտանական հարաբերությունները: «Ոչ ոք չէր թաքցնում, որ՝ այո՛, Մեծ Բրիտանիան ունի մեծ ներդրումներ Ադրբեջանում, և սա էականորեն սահմանափակում է իրենց կողմից որոշումների կայացման հնարավորությունը՝ հօգուտ Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի: Սակայն շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ներկայանալ համապատասխան փաթեթով, առաջարկություններով, որպեսզի թե հակակշռվի այդ հարաբերությունները, և թե մեզ հնարավորություն տա Մեծ Բրիտանիայի հետ առավել քաղաքական հարթության մեջ գործընկերային հարաբերություն հաստատել»,- ասում է Մինասյանը:

Իսկ արդյո՞ք Հայաստանը կարող է ակնկալել փոխըմբռնում Մեծ Բրիտանիայի կողմից, կարո՞ղ է ակնկալել, որ Մեծ Բրիտանիան կպաշտպանի Հայաստանի նախաձեռնությունները: Խնդիրը միայն Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև եղած սերտ տնտեսական հարաբերությունները չեն, տնտեսական այն բազամամիլիարդանոց գործակցությունը, որոնք կապում են Բրիտանիային Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչի առումով Հայաստանը շատ քիչ բան ունի առաջարկելու Բրիտանիային: Ավելի կարևոր է, որ Հայաստանը միջազգային կազմակերպություններում, աշխարհաքաղաքական առումով հանդես է գալիս այլ բլոկների կազմում, քվեարկում է միանգամայն հակառակ ձևով, քան Բրիտանիան կամ Եվրամիության անդամ մյուս երկրները, մինչդեռ Ադրբեջանը և Թուրքիան համերաշխ են Բրիտանիայի հետ: Այսինքն՝ միջազգային հարթակներում նրանք հանդես են գալիս՝ որպես դաշնակիցներ: Մենք հայ պատգամավորներին հարցրեցինք, թե որքանո՞վ է իրատեսական՝ ակնկալել, որ Մեծ Բրիտանիան իր տնտեսական և աշխարհաքաղաքական դաշնակիցներին պաշտպանելու փոխարեն՝ կարող է ընդառաջել Հայաստանին: Բրիտանիա մեկնած հայկական պատվիրակության ոչ ֆորմալ ղեկավար Թևան Պողոսյանն ի պատասխան մեր այս հարցի՝ ասում է. «Նման հարցադրումներ շատ են հնչել և՛ իրենց եվրախորհրդարանի պատգամավորների կողմից, և՛ կլոր սեղանի քննարկումների ժամանակ: Տրվել է այն պատասխանը, որ Հայաստանը չի կարող քվեարկել մի փաստաթղթի օգտին, որտեղ միայն և միայն տարածքային ամբողջականությունն է նշված որպես միջազգային իրավունքի նորմ: Եթե դիտարկենք Հայաստանի քվեարկությունները 1991թ., որևէ փաստաթուղթ, որտեղ տարածքային ամբողջականությունը նշվել է առանց ազգերի ինքնորոշման իրավունքի, Հայաստանը միշտ քվեարկել է դեմ: Ուկրաինայի պարագայում քվեարկությունից ընդամենը մեկ գիշեր առաջ եղել է պատրաստված մի փաստաթուղթ և բաժանվել  բոլորին, որը հռչակագրի բացատրությունն էր, որտեղ նշել էին, որ այսուհետ միայն տարածքային ամբողջականությունն է գերակա, և կա մի այլ ավելացված կետ, որտեղ նշված էր, որ այսուհետ որևէ հանրաքվե կարող է ունենալ ուժ, եթե մայրաքաղաքը տվել է իր համաձայնությունը: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում. Հայաստանը չարտահայտի իր դիրքորոշումը, հենց հանուն այն գաղափարի, որ մի օր Բաքվից պետք է հարցնենք՝ Լեռնային Ղարաբաղի հանրաքվեները ուժ ունե՞ն, կամ ճանաչվա՞ծ են, թե՞ ոչ: Երբ որ այս բացատրությունները, սկսած տարեթվերով, դերակատարներով, տրվում է, երբ ասվում է, որ Բրիտանիան շատ դեպքերում քվեարկել է այնպես, ինչպես Մինսկի խմբի համանախագահները, զերծ մնալով օժանդակելուց Ադրբեջանին, իրենց մոտ ևս առաջանում է փոխըմբռնում: Մենք պետք է աշխարհին բացատրենք, որ Հայաստանն ունի իր սեփական շահերը, և եթե Հայաստանը Սիրիայի համար այս տեսակի քվեարկություն է անում, նրանից չէ, որ մենք աշխարհը սև ու սպիտակի բաժանելով՝ ընտրում ենք սևը կամ սպիտակը, այլ մենք ունենք հայկական սփյուռք, և մեր սեփական շահերով ենք առաջնորդվում: Հայաստանին պետք է հարգել իր սեփական շահերով, և այդ դեպքում կունենանք նորմալ հարաբերություններ»:

Մեր այն հարցին, թե ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանն Ադրբեջանին, որպեսզի հետաքրքրություն առաջացնի Բրիտանիայի մոտ, Թևան Պողոսյանը պատասխանում է. «Բրիտանիան ունի սեփական շահերն Ադրբեջանում նավթի և գազի մասով, բայց չմոռանանք, որ այդ շահերն արդեն բավարարված են: Կան պայմանագրեր, որոնք պետք է իրականացվեն; Եթե Հայաստանը կարողանա զարգացնել իր ժողովրդավարական ինստիտուտները հավուր պատշաճի, ապա կդառնա  արբիտրաժային հարաբերություններն այս տարածքում սպասարկող երկիր, Հայաստանն ունի իր սեփական ռեսուրսները՝ կլինի ոսկի, թանկարժեք այլ քարեր, Հայաստանն ունի գիտելիք, որով շատ հետաքրքրված էին բրիտանական կրթօջախները: Մենք երբևէ մեր ռեսուրսները չպետք է նվազ գնահատենք: Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասում է, որ իրենք բրիտանացիներին բացատրել են, թե Մաքսային Միություն մտնելով՝ Հայաստանը կարող է կամուրջ և միջնորդ դառնալ Եվրամիության և Եվրասիական միության անդամ երկրների միջև, և վստահեցնում էր, որ այդ գաղափարը շատ է հետաքրքրել եվրոպացիներին:

Նախ՝ Հայաստանն ինքը չգիտի՝ կդառնա՞ երբևէ Մաքսային միության անդամ, թե՞ ոչ, և երկրորդ՝ անհասկանալի է, թե ինչպես կարող է Հայաստանը դառնալ կամուրջ Եվրամիության և Եվրասիական միության միջև, այն դեպքում, երբ այս միություններից և ոչ մեկի հետ չունի ընդհանուր սահման: Բայց ինչպես ասում են, նույնիսկ ամենաֆանտաստ գրողների երևակայության արգասիքները մի օր իրականություն են դարձել, իսկ ինչո՞ւ հայ պատգամավորների մտքի թռիչքը չի կարող մի քանի տասնամյակ կամ հարյուրամյակ առաջ ընկած լինել այսօրվա իրականությունից:

Տեսանյութեր

Լրահոս