Բաժիններ՝

Սփյուռքահայ ուսուցիչների առաքելությունը կրկնակի ծանր է. Ա. Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջ, որտեղ անցկացվում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա ծրագիրը:

Ողջունելով ուսուցիչներին` նախարարը նշել է, որ այս տարի ուսուցիչներին այցելել է դասապրոցեսի ընթացքում, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանա ուսուցիչների խնդիրներին, լսի նրանց առաջարկություններն ու դիտողությունները:

Արմեն Աշոտյանը նշել է, որ սփյուռքահայ ուսուցիչների առաքելությունն իրականում կրկնակի ծանր է` աշխատելով որպես մանկավարժ` միաժամանակ նրանք իրենց ուսերին կրում են համայնքի խնդիրների դժվար բեռը` ծառայելով հայապահպանության նպատակին:

Նախարարը կարևորել է նաև հեռավար ուսուցմամբ վերապատրաստումները` նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացը թույլ է տալիս նման վերապատրաստումներ իրականացնել, քանի որ ամեն ուսուցիչ չէ, որ կարող է անձամբ ներկա գտնվել հայրենիքում իրականացվող վերապատրաստումներին:

Ուսուցիչները, որոնց մեծ մասն առաջին անգամ էր հայրենիքում, նշել են, որ վերապատրաստումները շատ օգտակար են` և մասնագիտական, և հայրենաճանաչության տեսանկյունից: Ուսուցիչները հիմնականում առաջարկել են արևմտահայերենը ներառել դպրոցական ծրագրերում, որոշ առարկաների գծով ավելացնել դասաժամերի քանակը, ինչպես նաև կարևորել անվճար դասագրքերի առաքման հարցը:

Ի պատասխան` նախարարը նշել է, որ արևմտահայերենը ներառել դպրոցական ծրագրերում այս պահին իրատեսական չէ. գուցե այն ներառվի որոշ ավագ դպրոցների հումանիտար հոսքերում: Բացի այդ, ՀՀ բուհերից մեկում կիրականացվի մագիստրոսական ծրագիր` արևմտահայերենով:

Նշենք, որ ծրագրին մասնակցում են 12 երկրների 49 ուսուցիչներ: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում ուսուցիչները կհանդիպեն ՀՀ լավագույն մասնագետներին՝ դասախոսների ԵՊՀ-ից, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից և Կրթության ազգային ինստիտուտից:

Մեկ ամիս տևողությամբ ծրագիրն իրականացնում է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների կողմից՝ համապատասխան ծրագրով ըստ հետևյալ խմբերի՝ ուսուցում մանկապարտեզում, ուսուցում մեկօրյա դպրոցում, դպրոցների կառավարում, լրացուցիչ կրթության և արտադասարանային դաստիարակության կազմակերպում (երգ, պար, թատրոն, նկարչություն, ձեռագործ և այլն), տարրական ուսուցման մեթոդիկա և տարրական կրթության կազմակերպում:

Լսարանային պարապմունքներից բացի, ուսուցիչների համար նախատեսված են նաև այցելություններ Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր, թատրոններ և թանգարաններ:

Դասընթացի ավարտին ուսուցիչները կստանան ՀՀ ԿԳՆ և Կրթության ազգային ինստիտուտի վկայագրեր:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս