Ալեքսանդր Ամարյան. «Մենք հող ենք ազատագրել, որ վաճառենք Ամերիկայի՞ն»
«Տվյալ տարածքային , ավանդական եկեղեցու դավանաբանությունից մի փոքր շեղում ունեցող կառույցը համարվում է աղանդ: Վտանգ սպառնում են ոչ թե աղանդավորները, այլ` քայքայիչ աղանդները, որոնք իրենց գործունեության մեջ փակ են, օգտագործում են ներքաշման հոգեբանական մեթոդներ, զբաղվում են հոգեորսությամբ` օգտագործելով մարդկանց սոցիալական վիճակն ու նման այլ մեխանիզմներ, որոնք արգելված են». այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Ներկայացնելով կառավարության տրամադրած ցանկը Հայաստանում գործող գրանցված աղանդների վերաբերյալ, ասաց, որ դրանց թիվը 64-ն է, որից եթե հանում ենք ավանդական եկեղեցիների 14 ճյուղերը, ապա ստացվում է մոտ 50 աղանդավորական կառույց. «Շատ կառույցներ գրանցված են կրոնական կառույցների հատկանիշներով, բայց բարեգործական , ուսումնական և այլ կառույցների անվան տակ, որը օրենքով արգելվում է: Մեր պետական մարմինները պետք է կրոնական կառույցներից դուրս եկած կառույցներն ուսումնասիրեն և տան ճիշտ գնահատական: Վերջերս մեծ աղմուկ հանեց ամառային ճամբարների կազմակերպումը բարեգործական այդ կառույցների կողմից, որտեղ երիտասարդները հանգստանալու փոխարեն անցնում էին տարբեր դասընթացներ (սեռական դաստիարակություն, ավետարանի կամ աստվածաշնչի ուսումնասիրություն, հոգևոր դասընթացներ): Երիտասարդները հանգստի ընթացքում պետք է զերծ մնան ուսումնական պրոցեսից, բայց այդ մեթոդով կատարում են ուղեղի լվացում ու ներքաշում իրենց աղանդի մեջ»,- ասաց նա:
Ամարյանը խոսեց նաև այն մասին, թե որքան ժամանակ ու միջոցներ են անհրաժեշտ աղանդից մարդուն դուրս բերելու ու նորմալ հասարակություն վերադարձնելու համար. «Միջազգային նորմերով պահանջվում է 2-7 տարի և այնտեղի գնահատումներով դա կարժենա, մոտավորապես, 900.000 դոլար: Սա մեզ համար շատ լուրջ խնդիր է: Այս տարի մարտի 9-ին, երբ Կյանքի խոսք կառույցի հիմնադիրը, գաղափարախոսն ու ղեկավարը պաշտոնապես հայտարարեց, որ իրենք 40 տարվա իրենց գործունեության մեջ սխալ են եղել և այսուհետ հարելու են Կաթոլիկ եկեղեցուն, իրենց որոշ հետևորդներ որոշեցին, որ նա թոշակի է գնացել ու խելքը գցել է: Եթե կրոնական կառույցի հիմնադիրն ու գաղափարախոսն է հոգեկան հիվանդ դարձել, ապա սա միանշանակ ցույց է տալիս կառույցի վիճակը, որտեղ մարդկանց պահում են սթրեսային վիճակում, որ մարդիկ չկարողանան իրենց մոտից դուրս գալ: Դրա համար մարդկանց կախվածությունը կառույցից շատ ուժեղ է»,- նշեց Ա. Ամարյանը:
Վերջերս համացանցում ակտիվ կերպով քննարկվող արևաբուժության աղանդի մասին խոսելով` ասաց, որ այն 2006-ից կա Հայաստանում, այդ ժամանակ` մեծ աղմուկից հետո, այն ընդհատակ է անցել ու հիմա պետք չէ զբաղվել դրա գովազդով. «Մենք պետք է կարողանանք տարբերել բացահայտումը գովազդից: Մենք մասնագետներ չունենք, մեր ԶԼՄ-ում էլ մասնագետներ չկան, որ գրեն, թե որ աղանդն ի՞նչ է ու ի՞նչ կարող է անել: Բոլորը գրում են միայն մակերեսային , այստեղից- այնտեղից լսած նորություններ, բայց վերլուծական աշխատանք չկա: 2-3 ամիս առաջ, երբ ես խոսեցի մորմոնների կայքի մասին, որն իսկապես վտանգավոր է այն առումով, որ քարոզում է միասեռականություն, որտեղ կան նյութեր, թե ինչպես է իրենց եպիսկոպոսը սեռական հարաբերությունների մեջ մտնում երեցների հետ, ընդհանրապես ոչ մի արձագանք չեղավ ԶԼՄ-ի կողմից: Բայց սրա մասին գրելը ճիշտ էր, որովհետև մյուս աղանդավորների հետ համեմատած` մորմոնները քիչ քանակ են կազմում մեզ մոտ, մոտավորապես` 2800 հոգի, որոնց գուցե կարողանայինք հետ պահել այդ աղանդից»,- ասաց նա:
Լրագրողների այն հարցին, թե կառավարությունն ի՞նչ քայլեր է անում աղանդավորների հետ կապված, Ամարյանը պատասխանեց. «Կառավարությունը ցանկություն չունի աղանդների դեմ պայքարելու: Կառավարության ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերի վարչությունը դարձավ բաժին ու կառավարության շենքից տեղափոխվեց Կենտրոնական փոստ: Բացի տեղափոխումից, չկան մարդիկ, որ անձամբ զբաղվեն աղանդավորական կառույցների խախտումները բացահայտելով, իրենք միայն վիճակագրական հաշվետվություններ են պատրաստում: ՀՀ Սահմանադրությամբ` եկեղեցին անջատվեց պետությունից, ինչը նշանակում է, որ ժողովրդի հոգևոր անվտանգության մասին պետք է հոգա պետությունը: Բայց մենք մինչև հիմա անգամ հոգևոր անվտանգության հայեցակարգ չունենք: 3-4 տարի է` ինչ ԱԱԾ հատուկ բաժինը դա պատրաստում է: Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ ստեղծվեց մի կառույց, որը պետք է ուսումնասիրեր բոլոր կրոնական կառույցները ՀՀ-ում: Մեծ աշխատանքային խումբ ստեղծվեց, բայց մինչև այսօր ոչ մի աշխատանք չի կատարվում:
Պետությունը քայլեր չի անում 2 պատճառով. առաջին պատճառն այն է, որ կրանական կառույցների միջոցով մեծ գումարներ են մուտք գործում Հայաստան, երկրորդ պատճառը կոռուպցիոն ռիսկն է: Ավետարանական եկեղեցին տարեկան 7 մլն դոլար բարեգործականով մուտք է անում Հայաստան, որից 800 հազարը նշվում է կառավարությանը կից բարեգործական հանձնաժողովում, իսկ մնացած 6.200.000 ի մասին ճշտումներ անելուց հետո իմանում ենք, որ 5 միլիոնը տրվում է Հայաստանին, իսկ 2 միլիոնը` Ղարաբաղին: Իսկ ուր են գնում այդ միլիոնները: Պարզվում է, որ այդ բարեգործական գումարները ծախսվում են իրենց համար գույք գնելու վրա, իսկ Ավետարանական ընկերության ամբողջ գույքը պատկանում է Ամերիկայի կառույցին , այլ ոչ Հայաստանի: Ստացվում է` մենք հող ենք ազատագրել ,որ վաճառենք Ամերիկային: Այնպես որ չզարմանաք, երբ Հայաստանում գույքի ու հողի սեփականատերեր հայտնվեն արտասահմանից: Օրինակ` Բաղրամյան 18, Նիկոլ Դումանի 22 , ու այսպես շատ բնակարաններ, հողատարածքներ ու տներ արդեն պատկանում են ամերիկացիներին»:
Խոսելով դրսից եկած, խարիզմատիկ եկեղեցուց ճյուղավորված տարբեր աղանդների մասին, նա ասաց, որ կա նաև բուն հայկական աղանդ. «1846թ., Թուրքիայում, 40 հոգի անջատվեցին Հայ Առաքելական եկաղեցուց ու ստեղծեցին Հայ ավետարանական եկեղեցին, որը 10 տարի հետո հաստատվեց Թուքական կառավարության կողմից, որովհետև քանակապես աճել էր: Եթե հայերը միասնական լինեին ու մի ճակատով պայքարեին, ապա 1915թ. կոտորածը գուցեև չլիներ», – ասաց նա:
Ռազմիկ Մարտիրոսյան