Միս, երշիկեղեն, կաթնամթերք. լաբորատոր փորձաքննության ընդհանուր պատկերը
Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի տնօրեն Արման Գևորգյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրեց լաբորատոր փորձաքննության ընդհանուր պատկերը. «Ի մի բերելով լաբորատոր փորձաքննության արդյունքները՝ կարող եմ ասել, որ հիմնականում ռիսկային են համարվում մանրէաբանական ցուցանիշները, քանի որ վերջիններս շատ զգայուն են տարբեր տատանումների նկատմամբ: Պարտադիր չէ, որ այդ շեղումները լինեն արտադրման կամ վերամշակման փուլում, դրանք կարող են լինել տեղափոխման կամ սպառման ոչ պատշաճ պայմանների հետևանքով»:
Ա. Գևորգյանի խոսքով՝ մանրէաբանական ցուցանիշներով առավել վտանգավոր է կաթնամթերքը, թեև շեղումները լինում են նաև մսի, երշիկեղենի, բուսական և այլ սննդի դեպքում:
Խոսելով իրենց կենտրոնի գործառույթների և լիազորությունների մասին՝ Ա. Գևորգյանը նշեց, որ սննդամթերք իրենց մոտ կարող են ներկայացնել թե՛ պետական տեսուչները, թե՛ հասարակ սպառողը. «Նախ՝ ապրանքը մեզ մոտ կարող է գալ տեսչական ստուգման շրջանակում, երբ սպառողը բողոքել է տվյալ ապրանքից, հետո էլ՝ ցանկացած մարդ կարող է ապրանքը բերել, վճարել և ստանալ այդ ապրանքի լաբորատոր հետազոտության պատասխանը: Իսկ վաճառքի կասեցումը և արգելումն անում է լիազոր մարմինը, անում են տեսուչները, մեր աշխատանքի բնույթն այնպիսին է, որ մեզ ներկայացվում են կոդավորված նմուշներ: Շատ դեպքերում մենք լրատվամիջոցներից ենք իմանում՝ որտեղ է անցկացվել ստուգումը: Պարզապես բերում են դիմազրկված, համարակալված նմուշներ, որի նույնականացումը կարող է անել բացառապես տեսուչը»:
Լրագրողների այն հարցին, թե այդ դեպքում որն է փորձաքննություն իրականացնելու նպատակը, եթե սպառողին կոնկրետ ապրանքանիշերի անվանումներ չեն ներկայացվելու, Ա. Գևորգյանը պատասխանեց, որ այդ փորձաքննությունն անցկացվում է ոչ թե սպառողին կոնկրետ թվեր և անուններ ներկայացնելու համար, այլ որպեսզի այդ ապրանքն անգամ չհասնի սպառողին: Ներկայացնելով որոշ տվյալներ՝ Ա. Գևորգյանն ասաց, որ մոտ 100 ապրանքատեսակում հայտնաբերվել են ծանր մետաղների , պրեստիցիդների և մանրէաբանական շեղումներ.«Հիմնականում կաթնամթերքի մեջ ենք հայտնաբերել շեղումներ, մի քանի շեղում էլ եղել է մսամթերքի մեջ»:
Ա. Գևորգյանի խոսքով՝ շատ են լինում դեպքեր, երբ վաճառողը կամ այլ անձ է ապրանքատեսակը բերում և ներկայացնում լաբորատոր փորձաքննության.«Մեզ կանոնադրությունով և կառավարության որոշումով նաև ընձեռված է ձեռնարկատիրական գործունեության հնարավորություն, որի շրջանակում ցանկացած քաղաքացի, ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է պատվիրել ցանկացած հետազոտություն: Մեզ շատ հաճախ են դիմում, դիմում են նաև ժամկետանց սննդի համար, թե արդյոք կարելի է տվյալ ժամկետանց սնունդն օգտագործել այլ նպատակով՝ որպես անասնակեր և այլն»:
Անդրադառնալով այն հարցին, թե հատկապես ո՞ր մթերքներն են վտանգ պարունակում, որտեղ կան շեղումներ՝ Ա. Գևորգյանն ասաց, որ քանի դեռ կա գետնից առևտուր անելու պահանջարկը, մեր հասարակության մոտ առաջարկը չի վերանալու.«Որքան էլ տարբեր լիազոր մարմիններ ձեռնարկեն միջոցներ, բարձրացնեն տուգանքներ, ոչնչացնեն խմբաքանակներ, խնդիրը չի վերանալու քանի դեռ մարդ պատրաստ է մեքենայի բեռնախցիկից գնել անհայտ ծագման միս, գետնից, արկղի վրայից գնել անհայտ ծագման պանիր: Այդ իսկ պատճառով պետք է աշխատեն բոլորը»:
Մեր այն հարցին՝ արդյոք ներկրվո՞ղ, թե՞ տեղում արտադրվող մթերքն է առավել անվտանգ, Ա. Գևորգյանն ասաց, որ դա հարաբերական հարց է. «Ներկրման տարբեր երկրներ կան, տարբեր պայմաններ, դա շատ վիճելի հարց է: Մենք, օրինակ, միշտ ուսումնասիրում ենք ներկրված մսամթերք, երշիկեղեն, որոնց մեջ առկա են մանրէաբանական ցուցանիշների խնդիրներ: Որպես կանոն՝ ոչ պատշաճ և երկար տեղափոխման հետևանք է դա լինում»:
Վերջին շրջանում շատ են բողոքները՝ կապված լոլիլի հետ. մարդիկ լոլիկից դեղի համ են զգում, և մեր այն հարցին, թե արդյոք լաբորատոր փորձաքննություն անցե՞լ է լոլիկի նման նմուշ, Ա. Գևորգյանը պատասխանեց, որ ինքն ու իր ընտանիքի անդամներն էլ են նման երևույթի ականատես եղել.«Նման դեպք եղել է, և ես, իմ պաշտոնական դիրքն օգտագործելով, հետազոտության եմ ներկայացրել նման լոլիկ, և մեր լաբորատոր հետազոտության ցուցանիշներով ոչ մի խնդիր չի հայտնաբերվել: Դա իսկապես կարող է սորտի հետ կապված լինել, և բացի դրանից՝ շատ բան է կախված նաև ջրից. գաղտնիք չէ, որ քաշ ավելացնելու համար կարող են ջրել և նոր միայն բերքը հավաքել: Ճիշտ է, չնչին տոկոսով, բայց քաշը ավելանում է, իսկ մեր Հահաստանի ջուրը կոշտ է, մեծ քանակությամբ հանքային աղեր է պարունակում և ուտելիս տհաճ համ է գալիս»:
Վերջում անդրադառնալով այն հարցին, թե որքան արժե լաբորատոր փորձաքննությունը՝ Արման Գևորգյանն ասաց, որ դա ցուցանիշներից է կախված. «Մեկ մանրէաբանական ցուցանիշը մոտ 3000 դրամ է, ծանր մետաղների և պրեստիցիդների հետազոտությունները շատ ավելի թանկ արժեն՝ 7000-8000 դրամ, քանի որ ավելի բարդ սարքավորումներով է հետազոտությունն իրականացվում և ավելի մեծ ծախսեր են պահանջվում, մեկ երշիկի հետազոտությունը բոլոր ցուցանիշներով, օրինակ, արժե 90 հազար դրամ: Դա պետության կողմից հաստատված գնացուցակն է, որի մեջ ներառված է բացառապես նյութածախսը»:
Աստղիկ Իսկանդարյան