Որտեղից է առաջացել մեքենայի մեջ հայտնաբերված արյունը. Արգիշտի Կիվիրյանի գործով դատը շարունակվում է

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Արգիշտի Կիվիրյանի գործով դատական նիստը: Դատարանում մեղադրող դատախազը հրապարակեց քրեական գործի ապացույցները: Հրապարվեցին դեպքի վայրի զննության արձանագրությունը, փորձաքննությունների եզրակացություններ:

Ոստիկանական ավտոմեքենան զննության էր ենթարկվել 2013թ. օգոստոսի 24-ին: Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբրվել էին արյան հետքեր. զննությանը մասնակցել էին նաև գործով որպես տուժող ներգրավված ոստիկան Վահրամ Վրթանեսյանը և Ճանապարհային ոստիկանության աշխատակից, ովքեր հայտարարել էին, որ Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության Արաբկիրի բաժին բերելու ընթացքում վերջինս ձեռքով հարվածել է տուժող ոստիկանի ձեռքին, այնուհետև ինքն իրեն հարվածել է հետևի դռան բռնակի հատվածին, ստացել մարմնական վնասվածք ՝ նշելով, որ հայտելու է, թե ոստիկաններն են իրեն հարվածել:  Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ուշադրություն հրավիրեց արված լուսանկարների վրա, որտեղ երևում են թափված արյան հետքերը, և նշեց, որ ինքնավնասման դեպքում արյունը նշված վայրում չէր կարող հայտնվել: Լ. Սահակյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ ըստ արձանագրության, դեպքի վայրի զննությունը սկսվել է ժամը16:36-ին և ավարտվել 17:05, դրան մասնակցել է նաև տուժողը: Ըստ փաստաբանի՝ վկաներից մեկը հայտնել է, որ ոստիկանության բաժնում իրենք մնացել են ընդամենը մի քանի րոպե, ապա ավտոմեքենայով հեռացել են: Փաստաբանն ասաց, որ կամ վկան սուտ ցուցմունք է տվել, կամ դեպքի վայրի զննությունը նշված ժամին չի արվել:

Դատակենսաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ ավտոմեքենայում հայտնաբերված արյունը կարող էր առաջանալ նաև Արգիշտի Կիվիրյանից: Դրա հրապարակումից հետո Ա. Կիվիրյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ դատախազն ի սկզբանե հայտարարել է՝ ինքը հրապարակելու է այն ապացույցները, որոնք ինքն  է կարևորում. «Բնական է՝ մեղադրանքն է պաշտանում, իր տեսակետից այս հրապարակված ապացույցը ևս մեղադրանքն է հիմնավորում: Մինչդեռ, հրապարակվեց փորձագետի եզրակացություն, որ ոստիկանության ավտոմեքենայում հայտնաբերված արնանման հետքերը Արգիշտի Կիվիրյանից արտահոսած արյունն են: Հիմա դրանով դատախազն ուզում է ապացուցել, որ Արգիշտի Կիվիրյանը բռնությո՞ւն է գործադրել Վահրամ Վրթանեսյանի նկատամամբ, թե ուղղակի ոչինիչ չկա ասելու, հրապարակվում են ինչ-որ ապացույցներ՝ ցույց տալու համար, որ կան ինչ-որ ապացույցներ: Որովհետև եթե սա է հիմնավորում մեղադրանքը, ապա կներեք, ոչ մեկս՝ ոչ դուք, ոչ դատախազը, ոչ մենք այստեղ անելիք չունենք: Եթե այնտեղ լիներ Վրթանեսյանի արյունը, գոնե կարելի էր տրամաբանորեն հասկանալ՝ ինչ է ուզում մեղադրանքի կողմը, բայց այդ ապացույցով հերքվում է, հակառական է ապացուցվում՝ կա արյուն, և այդ արյունը Վահրամ Վրթանեսյանինը չէր, այլ Արգիշտի Կիվիրյանինն էր»:

Լուսինե Սահակյանն էլ հարց հնչցրեց՝ ինչու տուժող ոստիկանի արյունը, որը եկել էր նրա ձեռքը ավտոմեքենայում կծելու պատճառով, չկա մեքենայի մեջ. «Սրանից հետևություն է արվում, որ կամ Վրթանեսյանն ունեցել է վնասվածք մինչև ավտոմեքենան նստելը, արդեն իսկ արյունահոսություն չի ունեցել, ուստի ավտոմեքենայի մեջ արյուն չկա, կամ Վրթանեսյանն այդ վնասվածքը ստացել է ավտոմեքենայից իջնելուց հետո, այլ պայմաններում, ինքնավնասման կամ այլ եղանակով: Դա արդեն մեր լուծելու խնդիրը չէ: Բայց այս ապացույցով արդեն հիմնավորվում է, որ Վրթանեսյանն  ավտոմեքենայում վնասվածք չի ստացել»:

Քրեական գործի նյութերի հրապարակումից պարզ դարձավ նաև, որ նաև գրծով տուժող ոստիկանը, ըստ արձանագրություններից մեկի, ժամը 17:00-ին բացատրություն է տվել այն դեպքում, երբ դեպքի վայրի զննության արձանագարության համաձայն՝ այն ավարտվել է 17:05 րոպեին:

Տեսանյութեր

Լրահոս