
Մոսկովյան դատարանը հետին թվով երկարաձգել է Հրաչյա Հարությունյանին կալանքի տակ պահելու ժամկետը

Zakonia.ru կայքի փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքային դատարանի դատավոր Իրինա Վիրիշևան բավարարել է քննիչ Ստանիսլավ Լագոյկոյի միջնորդությունը՝ կապված Հրաչյա Հարությունյանին կալանքի տակ պահելու ժամկետը մինչև 2014 թվականի մարտի 14-ը երկարաձգելու հետ, այսինքն «հետին թվով»:
Հունիսի 20-ին Մոսկվայի քաղաքային դատարանի ղեկավարությունն ապօրինի էր ճանաչել Տվերի դատարանի դատավոր Ելենա Ստաշինայի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 13-ին կայացրած որոշումը՝ կապված Հարությունյանին կալանքի տակ պահելու ժամկետը մինչև 2014 թվականի մարտի 14-ը երկարաձգելու հետ, և տվյալ գործն ուղարկել էր Մոսկվայի քաղաքային դատարանի կրկնակի դիտարկմանը:
Գործի դիտարկումը տեղի է ունեցել երեկ, պաշտպանող կողմը հայտնել է, որ քննիչ Լագոյկոն այլևս չկա (նրան հեռացրել են զբաղեցրած պաշտոնից), չկա հետաքննություն (այն ավարտված է, և գործը հանձնել են դատարանին) և որ անհրաժեշտություն չկա կալանքի ժամկետը մինչև մարտի 14-ը երկարաձգելու համար, քանի որ գործի դիտարկումն իրականցվում է հուլիսի 14-ին:
Այլ կերպ ասած՝ հիմքեր չկան դատական դիտարկման համար: Չնայած դրան՝ դատավորը որոշել է բավարարել գոյություն չունեցող քննիչի միջնորդությունը և Հարությանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգել է արդեն անցյալ ժամանակով՝ մինչև 2014 թվականի մարտի 14-ը:
Հարությունյանի մասնակցությամբ ճանապարհա-տրանսպորտային պատահարը Պոդոլսկի մոտ գրանցվել էր 2013 թվականի հուլիսի 13-ին: Դրա հետևանքով զոհվել է 18 և վիրավորվել է ավելի քան 60 մարդ:
Փորձաքննությունը պարզել էր, որ բեռնատարի վարորդ Հարությունայնը տևական ժամանակ չի իրականացրել տրանսպորտային միջոցի տեխսպասարկում: Բացի այդ, ՆԳՆ-ը պարզել է, որ Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: