Այց «Ղարաբաղ կարպետ» ընկերություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է «Ղարաբաղ կարպետ» ընկերություն: Տեղում քաղաքապետին է ներկայացվել արցախյան լավագույն ավանդույթներով իրականացվող գորգագործության ողջ ընթացքը:
Ընկերության տնօրենը մասնավորապես նշել է, որ գործընթացն ամբողջությամբ կազմակերպվում է տեղում` բրդյա թելի ներկման աշխատանքներից մինչև գորգերի ավարտուն տեսքի բերելը: Նշվել է նաև, որ ընկերությունն ապահովում է շուրջ 150 աշխատատեղ:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև գորգագործական ընկերությանը կից գործող կարի արտադրամասի աշխատանքներին:
Պատասխանատուները նշել են, որ այն ապահովում է շուրջ 120 աշխատատեղ, ինչը թեև ոչ այնքան մեծ, բայցև զգալի դերակատարում ունի բնակիչների զբաղվածությունն ապահովելու տեսանկյունից:
Քաղաքապետին է ներկայացվել նաև նույն տեղում միջազգային ներդրումներով հիմնադրված արտադրամասի հնարավորությունները, որը հանդիսանալու է ինչպես կարի վարպետների ուսուցման կենտրոն, այնպես էլ կարճ ժամանակ անց ապահովելու է շուրջ 500 աշխատատեղ:
Ընդ որում, որ ոչ պակաս կարևոր է, տվյալ արտադրամասի արտադրանքը նախատեսվում է արտահանել միջազգային շուկա:
Ծանոթանալով ներկայացված ընկերությունների արտադրական հնարավորություններին և հեռանկարային ծրագրերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաջողություն է մաղթել նրանց և վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու զարգացման ծրագրերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն