Բաժիններ՝

«Բարսելոնան» կծելու դեպքում Սուարեսին կտուգանի 4 միլիոն եվրոյով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսին կտուգանի մոտ 4 միլիոն եվրոյով (3 միլիոն ֆունտ սթեռլինգով), եթե նա խաղի ժամանակ փորձի կծել մեկ այլ ֆուտբոլիստի:

Սրանից առաջ հայտնի էր դարձել, որ կատալոնյան ակումբը Սուարեսի տեղափոխության շուրջ պայմանավորվածության է եկել անգլիական «Լիվերպուլ» ակումբի հետ: Սուարեսը «Բարսելոնայի» հետ հնգամյա պայմանագիր է ստորագրել:

Ակնկալվում է, որ ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ կժամանի Բարսելոն` բուժզննում անցնելու համար: «Բարսելոնայի» կազմում ուրուգվայցին հանդես կգա 9 համարի ներքո: «Բարսելոնայի» ղեկավարությունը Սուարեսի պայմանագրում կծելու մասին կետ է մտցրել այն բանից հետո, ինչ վերջինս Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնության ժամանակ կծեց Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կելինիի ուսը:

Դրա հետ կապված` ՖԻՖԱ-ն հունիսի վերջին նրան որակազրկեց ազգային թիմի 9 պաշտոնական հանդիպմամբ և 4 ամսով հեռացրեց ֆուտբոլային գործունեությունից: Ֆուտբոլիստը նաև տուգանվեց 100.000 շվեյցարական ֆրանկով: «Բարսելոնայի» ղեկավարությունը դիմել է ՖԻՖԱ-ին` խնդրելով հնարավորություն տալ թիմի երկրպագուներին ներկայացնել Սուարեսին (շնորհանդես կազմակերպել):

ԶԼՄ-ների տվյալներով` Սուարեսի տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրո (61 միլիոն ֆունտ սթեռլինգ), ինչը ֆուտբոլային ամենաթանկարժեք 4-րդ գործարքն է պատմության ընթացքում:

Սուարեսը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2001 թվականից: Նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 110 հանդիպում և խփել է 69 գոլ: Սուարեսը դարձավ Անգլիայի 2013/2014 առաջնության լավագույն ռմբարկու` 33 խաղում խփելով 31 գոլ և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ միասին ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս