Աֆղանստանի նախագահի թեկնածուները համաձայնվել են ՄԱԿ-ի հովանու ներքո քվեների ամբողջական վերահաշվարկին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Աֆղանստանի նախագահի երկու թեկնածուները համաձայնվել են ՄԱԿ-ի հովանու ներքո քվեների ամբողջական վերահաշվարկ կատարելուն:
Աֆղանստանի ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմադզայը և Աֆղանստանի նախկին արտգործնախարար Աբդուլլահ Աբդուլլահը երեկ բանակցություններ են վարել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որոնց արդյունքներով էլ ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն:
Քվեների վերահաշվարկը սկսվելու է 24 ժամվա ընթացքում: Սակայն այդ գործընթացը կարող է տևել շաբաթներ, ինչը կհանգեցնի նրան, որ նորընտիր նախագահի երդմնակալությունը նախատեսված օգոստոսի 2-ի փոխարեն կանցկացվի ավելի ուշ:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Աֆղանստանի նախագահի թեկնածուների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկու թեկնածուներն էլ հակված են քվեների համապարփակ վերահաշվարկին և պատրաստ են ընդունել նոր արդյունքները: Քերին ընդծել է, որ դրանով իսկ նրանք ընդգծել են ընտրական գործընթացի լեգիտիմության վերականգնելու իրենց թեկնածությունը:
Հուլիսի 7-ին հրապարկված նախնական տվյալներով` Աֆղանստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթել է Ահմադզայը: Սակայն նրա մրցակից Աբդուլլահը, ով եղել է առաջին փուլի առաջատարը, չի համաձայնվել քվեարկության արդյունքների հետ` հայտարարելով զանգվածային ընտրակեղծիքների մասին:
Նա նաև սպառնացել էր ստեղծել սեփական կառավարություն, ինչը կարող էր լրջորեն բարդացնել երկրի քաղաքական իրավիճակը: Վաշինգտոնը հայտարարել էր, որ չի հանդուրժի «զուգահեռ կառավարության» առկայությունը, և Ջոն Քերիին գործուղել էր Աֆղանստան` հարթելու համար կողմերի միջև տարաձայնությունները, որոնք սպառնում էին վերաճել բաց դիմակայության: