Ռուսաստանն ու Արգենտինան նոր համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի մասին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանն ու Արգենտինան երեկ նոր համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի մասին:
Այն ուղղված է ատոմակայանների կառուցման ոլորտում համագործակցությանը, գիտական համատեղ հետազոտություններ անցկացնելուն, բժշկական ու արդյունաբերական նպատակներով ռադիոակտիվ իզոտոպներ մշակելուն:
Ռուսական կողմից համաձայնագիրը ստորագրել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն ու Արգենտինայի պետական պլանավորման, հասարակական ներդրումների ու ծառայությունների նախարար Խուլիո Դե Վիդոն:
Այդ փաստաթուղթը փոխարինելու է տվյալ ոլորտում նախորդ երկկողմ համաձայնագրին, որի ժամկետը սպառվել է 2012 թվականի դեկտեմբերին: Համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լատինամերիկյան շրջագայության շրջանակներում:
Պուտինի լատինամերիկյան շրջագայությունը մեկնարկել է հուլիսի 11-ին, դրա շրջանակներում նա այցելել է Կուբա և Նիկարագուա: Պուտինը Բուենոս Այրեսից մեկնելու է Բրազիլիա` Ռիո դե Ժանեյրո, ուր այսօր անցկացվելու է ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը: