Բաժիններ՝

«Մարդիկ կան՝ փորձում են հակաղանդավորական պայքարի իմիջ ստեղծել». Ալեքսանդր Ամարյան

Վերեջերս «Միացյալ երիտասարդական լիգան» տեղեկատվություն էր տարածել նոր աղանդի ի հայտ գալու մասին: Հաղորդագորթյան մեջ նշված էր, որ աղանդը ներթափանցում է Ռուսաստանի Սոչի քաղաքից. «Աղանդն իր առաջին հավաքը անցկացրել է Աբովյան քաղաքում, Աստծո Ժողովուրդ աղանդի շենքում: Պատահական չի ընտրված Աբովյան քաղաքը, քանի որ Ալիկ Կազարյանը ևս Աբովյանից է՝ Կամարիս գյուղից: Այս աղանդն առավել հայտնի է Ռուսաստանի Դաշնությունում, լայն տարածում ունի տարբեր մարզերում: Վիֆանիա աղանդը բապտիստների ճյուղերից է»,- նշված էր հաղորդագրության մեջ:

168.am-ը փորձեց զրուցել լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանի հետ այս հաղորդագրության վերաբերյալ, որն ասաց, որ իրենք տվյալ պահին ավելի շատ ինֆորմացիա տվյալ կրոնական կազմակերպության վերաբերյալ չունեն: Նա մեզ ուղարկեց 2013 թվականին հրապարակված հետևյալ տեսանյութը, որտեղ Ալիկ Կազարյան անունով մի մարդ հավաքի ժամանակ ռուսերեն լեզվով քարոզ է անում:

Մենք փորձեցինք կապ հաստատել «Աստծո ժողովուրդ» (որտեղ ըստ հաղորդագրության՝ տեղի է ունեցել նոր աղանդի առաջին հավաքը) կրոնական կազմակերպության հետ՝ այս մասին նրանց մեկնաբանությունը լսելու համար: Մեր զրուցակիցը վերցրեց մեր հեռախոսահամարն ու ասաց, որ իրենց ներկայացուցիչը կզանգի մեզ, սակայն արդեն 2 օր է, ոչ ոք չզանգեց:

«Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ամարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ ոք չի կարող ասել, որ վերջին շրջանում աղանդները շատանում են. «Մարդիկ կան՝ փորձում են դրանով հակաղանդավորական պայքարի իմիջ ստեղծել: Քայքայիչ աղանդը միշտ էլ վտանգավոր է եղել, ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ վտանգ հասկացողությունը վերացնելու համար պետք է այդ կրոնական կազմակերպությունները լինեն թափանցիկ, և պետական մարմինը կարողանա հսկել այդ կառույցներին, որն այսօր Հայաստանում չկա»:
Մեր այն դիտարկմանը, որ վերջերս «Միացյալ երիտասարդական լիգան հայտարարություն էր տարածել» նոր աղանդի ի հայտ գալու մասին հաղորդագրություն էր տարածել, նա այսպես արձագանքեց. «Որտեղի՞ց կարող եք վստահ լինել, որ դա նոր աղանդ է: Հրապարակումը չի նշանակում, որ դա վերջերս է ի հայտ եկել: Հայաստանում վերջին կրոնական կառույցներ չկան: Մենք 2010 թվականից հստակ ցանկը ունենք, և նոր բան դրանից հետո Հայաստնում չի հայտնվել: Ուղղակի նրանք հին հրապարակումները վերցնում են ու ցույց են տալիս որպես բացահայտում: Մարդիկ իրենց համար իմիջ են ստեղծում, որը ես համարում եմ անլուրջ քայլ: Այդ հարցով պետք է զբաղվեն համապատսխան մասնագետները: Ամեն մարդ, որը մի հրապարակում է անում, պետք է զրպարտության համար պատասխան տա»:

Ա. Ամարյանը նշեց, որ վարկաբեկելով, սուտ տեղեկություններ տալով կրոնական կազմակերպությունների մասին՝ շեղվում է ուշադրությունը հենց այդ աղանդներից. «Եթե արդեն ճիշտ տեղեկատվություն հրապարակենք այդ աղանդների մասին, ոչ ոք չի հավատա: Ու դա ստացվում է ոչ թե հակաաղանդավորական գործունեություն, այլ ի նպաստ նրանց, որովհետև եթե տեղեկատվություն եք տրամադրում, ուրեմն՝ բարի եղեք ճշտեք: Որ ասեմ գլուխ չունեն էդ երեխեքը, չէ՛, լավ էլ խելոք էրեխեք են: Լինելով խելոք էրեխեք՝ ապատեղեկատվությամբ են զբաղված: Մոտակա ժամանակներս, եթե մի հատ էլ այդպիսի հայտարարություն անեն, ես դիմելու եմ համպատասխան քայլերի»:
Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս