Մայրը խնդրում է որդուն մանրակրկիտ հետազոտել, հետո միայն բանակ ուղարկել

«168 Ժամի» խմբագրություն էր դիմել քաղաքացի Անահիտ Սարգսյանը: Նրա խոսքով՝ որդին՝ Տիգրան Մարտիրոսյանը, առողջական խնդիրներ ունի, սակայն նրան  համարել են ծառայության համար պիտանի: Հուլիսի 14-ին նրան կզորակոչեն բանակ:  «Անոթային խնդիր, հաստ աղիի բորբոքում՝ ֆունկցիայի խանգարումով, երկրորդ աստիճանի հարթաթաթություն, կրծքավանդակի դեֆորմացիա, ողնաշարի թեքություն»,- որդու առողջական խնդիրները թվարկեց մայրը՝ նշելով, որ շուրջ մեկ ու կես ամիս առաջ դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Անահիտ Սարգսյանի խոսքով՝ իրեն է ուղարկվել ՊՆ նախարարի նամակը, որում նշված է, որ վերջինս պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրել Տ. Մարտիրոսյանի առողջական վիճակը, ներկայացնել կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին՝ վերջնական որոշում կայացնելու համար:

Անահիտ Սարգսյանը պնդում է, որ դրանից հետո իր որդուն նորմալ չեն հետազոտել: Ըստ նրա՝ երեք «կաբինետ անցնելու փոխարեն»՝ իր երեխային զննել է միայն մեկ մասնագետ՝ թերապևտը, ինչից հետո որդուն ասել են. «Քեզ բարի ծառայություն, տղա ջան»: Տղայի մոր խոսքով՝ որդու ախտորոշումն ամբողջական չէ:  Տ. Մարտիրոսյանի մայրը պատմեց, որ նաև կենտրոնական բժշկական հանձնաժողովում իրեն ասել են, որ արդեն ժամանակ չունի. «Տար քո ուժերով դոպլեքս արա, բեր: Հարցրել եմ՝ կհասցնե՞մ ներկայացնել փաստաթղթերը: Պատասխանում են, որ չեմ հասցնի»:

Անահիտ Սարգսյանը պատմեց, որ իր ավագ որդին էլ առողջական նույն խնդիրն է ունեցել, ծառայել է բանակում, ինչից հետո նրա առողջական վիճակի հետ կապված խնդիրն ավելի է խորացել. «Ընդամենը 23 տարեկան է, 200/130 ճնշում ունի արդեն»:

Անահիտ Սարգսյանը նշում է, որ պատրաստ է որդուն բանակ ուղարկել, չեն խուսափում ծառայությունից. «Թող մանրակրկիտ հետազոտեն, եթե կպարզեն, որ առողջ է՝ մենք չենք խուսափի, պատրաստ ենք ծառայել, իմ խնդրանքը միայն դա է»:

 

Տեսանյութեր

Լրահոս