
Նախարարն այցելել է ազգային պարկ

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և ՀՀ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի հետ Շիրակի մարզպետարանում ունեցած աշխատանքային քննարկումից հետո Արամայիս Գրիգորյանը «Արփի լիճ›› ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Պետրոսյանի և WWF հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի ուղեկցությամբ այցելել է ազգային պարկի պահպանվող տարածքներ, տնտեսական գոտիներ և սահմանապահ ուղեկալ, տեղերում ծանոթացել պահպանման աշխատանքներին, եղել Ղազանչի գյուղում տեղակայված այցելուների կենտրոնում, ծանոթացել վերջինիս պայմաններին և կարողություններին:
Տնտեսական գոտում նախարարը հանդիպել է հարևան գյուղերի մի քանի գյուղացիների ու համայնքապետերի հետ, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները, շնորհակալություն հայտնել ազգային պարկի ստեղծմանն աջակցելու, պահպանվող տարածքների հանդեպ ցուցաբերվող հոգատարության և զգուշության համար: Անդրադառնալով ծրագրով նախատեսված աշխատանքների վերաբերյալ գյուղացիների մոտ առկա մտահոգություններին՝ նախարարը նշել է. «WWF հայաստանյան գրասենյակի և ՀՀ կառավարության համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները դեռևս ավարտված չեն, առաջիկայում վերակառուցվելու են ծրագրով նախատեսված 11 գյուղերի ջրագծերը, ստեղծվելու է արհեստական սերմնավորման և անասնաբուժական կենտրոնը: Ազգային պարկն ունի որոշակի գործառույթներով ձեռնարկատիրական իրավունքներ և իր գործունեությամբ նպաստում է տարածաշրջանի զարգացմանը, էկոտուրիզմի խթանմանը, նոր աշխատատեղերի բացմանը և համայնքային բյուջեների ավելացմանը››: