Էրդողանը Ռոուհանիի հետ քննարկել է Գազայի հատվածի հարցը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որի ժամանակ քննարկել է Գազայի հատվածի շուրջ տիրող իրավիճակը:
Էրդողանը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է իսլամական երկրների կողմից հրատապ միջամտություն: Էրդողանն ու Ռոուհանին համակարծիք են գտնվել, որ պետք է վերջ տրվի Իսրայելի կողմից ռազմական գործողություններին և պահպանվի 2012 թվականին կողմերի միջև ձեռք բերված հրադադարը:
Երկու առաջնորդները կարևորել են նաև Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցը:
Հաղորդվում է, որ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հուլիսի 18-ին ժամանելու է Ստամբուլ, ուր և հանդիպելու է Էրդողանի հետ և ևս մեկ անգամ քննարկելու է Գազայի հատվածի դեպքերը:
Էրդողանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Աբբասի, ինչպես նաև ՀԱՄԱ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Հալիթ Մաշալի հետ, որի ժամանակ նրան իրազեկել են Գազայի հատվածի շուրջ դեպքերի մասին:
Հուլիսի 10-ին Էրդողանը հայտարարել էր, որ թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն Գազայի հատվածի դեմ Իսրայելի կողմից ռազմական գործողությունների դադարեցումից հետո: