«Կուզենայի՞ք ձեր երեխան ավելի լավ Հայաստանում ապրեր… ». ամբատանյալը հարցեր է ուղղել տուժող ոստիկանին (տեսանյութ)
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում սկսվեց տուժողների հարցաքննությունը:
Դատարանում ցուցմունք տվեց ոստիկան Անդրանիկ Առաքելյանը, ում հարցեր ուղղեցին դատավարության մասնակիցները: Ամբաստանյալներից մեկի հարցին՝ արդյոք տուժողը տեղյա՞կ է, որ ոստիկաններն, ըստ էության, երթի մասնակիցներին, ըստ էության չեն զգուշացրել, տուժողը պատասխանեց. ««Հավաքների ազատության մասին» օրենքով՝ դա մտնում էր ոպես կազմակերպիչ երթի ղեկավար Շանթ Հարությունյանի պարտականությունների մեջ: Նա էր պարտավոր երթի մասնակիցներին տեղեկացնել ոստիկանության պահանջը»:
Տուժող ճանաչված ոստիկանն ասաց, որ ինչպես իր, այնպես էլ վերակարգի կողմից հատուկ միջոցներ չեն կիրառվել: Նա նշեց, որ իր իրավասության սահմաններում փորձել է ղեկավարել ոստիկանների գործողությունները, որից հետո ռադիոկապով պահեստաուժից Մաշտոցի պողոտա մոտեցրել է ոստիկանների, որոնց օգնությամբ մասնակիցներին «դուրս են մղել մայթ փողոցի երթևեկելի գոտուց»: Ամբաստանյալ Ալեք Պողոսյանը ոստիկանից հետաքրքրվեց՝ «Տեսանյութում երևում է, որ հասարակությունը, ժողովուրդը, այնտեղ հավաքված բազմությունը ոստիկանների վրա գոռում է՝ թուրքեր: Եթե դուք հասարակական կարգ էիք պաշտպանում, ինչո՞ւ մեզ չեն գոռում թուրքեր, այլ ձեզ են գոռում: Կուզենայի՞ք ձեր երեխան ավելի լավ Հայաստանում ապրեր: Կուզենայի՞ք հայ-ադրբեջանական պատերազմը նորից սկսվեր»: Դատարանի կողմից այս հարցերը հանվեցին: