4.7 միլիոն դրամի պահանջ՝ բռնաբարության, առևանգման, ավազակության մեջ մեղադրվող ոստիկանի դեմ
Բռնաբարության, ավազակության, ավտոմեքենային առանց հափշտակության նպատակի տիրանալու, անձի առևանգման և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող ոստիկան Է. Վ.-ի գործով տուժողը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր հրապարակեց տուժողի կողմից դատարան ներկայացված քաղաքացիական հայցը, համձայն որի՝ տուժողը խնդրել է ամբաստանյալից հօգուտ իրեն բռնագանձել 4 մլն 779 հազար 796 դրամ՝ որպես հանցագործությամբ տուժողին պատճառված նյութական վնասի հատուցում: Դատարանի որոշմամբ՝ տուժողը ճանաչվեց քաղաքացիական հայցվոր, իսկ ամբաստանյալը՝ քաղաքացիական պատասխանող:
Նշենք, որ այսօր դատարանում այս գործով ամբաստանյալի պաշտպանի միջնորդությամբ հարցաքննվեց ամբաստանյալի ընկերուհին: Պաշտպանական կողմի միջնորդությամբ վկայի հարցաքննությունն անցկացվեց դռնփակ: Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 24-ին: Այդ դատական նիստի ընթացքում կհարցաքննվի գործով ամբաստանյալ Է. Վ.-ն: