Բաժիններ՝

«Երբեք չէի ուզի՝ հարկերից խուսափելու, սրան-նրան կողոպտելու հաշվին բարերարություն արվեր». Հայր Սերովբէ Վարդապետ Իսախանեան

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ) հայերի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական ստույգ վիճակագրություն չկա, թեև Հայաստանից վերջին տարիների արտագաղթի ֆոնին, ըստ փորձագետների, այդ թիվը խայտառակ մեծ է: ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության մոտավոր հաշվարկներով` Գերմանիայում ապրում է 50.000-60.000 հայ, իսկ Սփյուռքի նախարարության տվյալներով` 40.000: Թեև Սփյուռքի նախարարության հավաստմամբ` գործում են թվով 40 հասարակական, մշակութային և այլ կազմակերպություններ, այդուհանդերձ` Գերմանիայի սփյուռքը տեղյակ չէ, թե գրանցված այդ մեծաթիվ կազմակերպություններից շատերն ի՞նչ գործունեություն են իրականացնում, հատկապես, երբ նշյալ պետության տարածքում հասարակական կազմակերպություն գրանցելու ընթացակարգերն ավելի հեշտ են, քան լուծարելունը:

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդարանը գտնվում է Քյոլնում, առաջնորդարանի կազմությունը շուրջ 22 տարվա պատմություն ունի, ընդ որում` Քյոլնի հայ համայնքը ողջ Գերմանիայի տարածքում ամենամեծն է: Չնայած դրան` Գերմանիայում իբրև հայ եկեղեցական ճարտարապետական կառույց (հայերի կողմից կառուցված)` որպես այդպիսին, գոյություն չունի, ընդհուպ մինչև անգամ` Քյոլնի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցին, առաջնորդարանի կենտրոնատեղին Կաթոլիկ եկեղեցու և հարակից շինություններում է գործում:

luso111

Գերմանիայի Հայոց թեմի փոխառաջնորդ Հայր Սերովբէ Վարդապետ Իսախանեանի հավաստմամբ` Գերմանիայի երեք քաղաքներում գործող եկեղեցիները Հայոց թեմին են տրամադրվել երկարատև գործածության նպատակով: Քյոլնում և Գյոփինգենում ունենք «Ս.բ Սահակ-Մեսրոպ», «Սուրբ Խաչ» երկու եկեղեցիները` անվարձահատույց օգտագործման և երկարատև վարձակալական իրավունքով, իսկ երրորդը` Հալեում գտնվող ,Սուրբ Հարությունե եկեղեցին սեփականության իրավունքով պատկանում է Հայոց թեմին: Եկեղեցական շինությունները թեև նախկինում (ճարտարապետությամբ` այսօր էլ) եղել են Կաթոլիկ կամ Բողոքական եկեղեցիներ, այդուհանդերձ, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի ներկայացուցիչները փորձել են վերանորոգման, ներքին հարդարման աշխատանքների արդյունքում հայկական եկեղեցու միջավայր ստեղծել: Ինչևէ, առաջնորդարանի հովանու ներքո գործում է 15 եկեղեցական համայնք, իսկ այն տարածաշրջանում, որի պատասխանատու հոգևորականը Հայր Սերովբէ Վարդապետ Իսախանեանն է, առկա են երեք` Հանաու (շուրջ 250 հայ ընտանիք), Մայնց (շուրջ 100 ընտանիք) և Գիսեն (շուրջ 60 ընտանիք) քաղաքների եկեղեցական համայնքները, ինչպես նաև` Ֆրանկֆուրտի Մշակութային միությունը (որը նաև եկեղեցական գործունեություն է ծավալում): Ի դեպ, օրերս մասնակցելով Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի փոխառաջնորդ Հայր Սերովբէ Վարդապետ Իսախանեանի առաջնորդությամբ պատարագին, համոզվեցինք, որ հայ համայնքն իսկապես համախմբված է եկեղեցու շուրջը: Բնականաբար, առողջ, հայկական այդ միջավայրն իր շուրջ ձևավորում է Հայր Սուրբը, ով տեղյակ է եկեղեցի հաճախող յուրաքանչյուր հայի խնդրից, պատարագից հետո պատրաստ է ժամերով զրուցել մարդկանց հետ, ունի հումորի անսպառ զգացում, սրամիտ է և ֆուտբոլի մեծ սիրահար: Այլ կերպ ասած` ի տարբերություն շատ հոգևորականների` իր հոտի կողքին է բոլոր պարագաներում: «168 Ժամը» փորձեց Գերմանիայի հայ համայնքների և հայաստանյան մի շարք խնդիրների շուրջ զրուցել Հայր Սերովբէ Վարդապետ Իսախանեանի հետ:

– Հունիսի 6-ին Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալց շրջանի մայրաքաղաք Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում կայացած Հայաստան-Գերմանիա ֆուտբոլային խաղին ներկա եք եղել: Հաշվի առնելով, որ 20 տարի Գերմանիայում եք ապրում, ո՞ր երկրի հավաքականին էիք համակրում:

– Այո՛, ֆուտբոլ շատ եմ սիրում: Խաղին մասնակցում էի` որպես Հայաստանի հավաքականի ակտիվ երկրպագու: Այսպես ասեմ) գլուխս գիտեր, որ Գերմանիան կհաղթի, իսկ սիրտս ուզում էր, որ Հայաստանը հաղթի (ծիծաղում է.- Լ.Ս.): Ես հիմա էլ Գերմանիայի հավաքականի կողմն եմ և կարծում եմ, որ այս տարի Գերմանիայի հավաքականը կդառնա աշխարհի չեմպիոն: Բնականաբար, ուզում եմ` բոլոր հավաքականներին հաղթի, բացի Հայաստանից, բայց ռեալ լինելու համար սպասում եմ, որ Հայաստանն ուժ ունենա` Գերմանիային չպարտվելու համար:

– Յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակի օրը պատարագ եք անցկացնում Մայնց քաղաքի Ավետարանական եկեղեցում, որտեղ համախմբվում են նաև Վիզբադենի և հարակից քաղաքների հայերը: Հայր Սուրբ, 250.000 բնակչություն ունեցող Մայնց քաղաքի հայ համայնքը (շուրջ 100 հայ ընտանիք) որքանո՞վ է կարողանում իր կենսագործունեությունն ապահովելուն զուգահեռ` պահպանել հայկական միջավայրն ու մշակույթը:

– Կոնկրետ Մայնցում ունենք Գերմանիայի Հայոց Առաջնորդարանին կապված փոքրիկ եկեղեցական համայնք, որը Գերմանիայի մյուս քաղաքներում գործող համայնքների և միությունների համեմատ` փոքր է նաև անդամության տեսանկյունից, քանի որ շուրջ 100 ընտանիք է իբրև անդամ: Մեր անդամների մի մասն էլ Հեսսեն նահանգի մայրաքաղաք Վիզբադենից են, որը Մայնցին շատ մոտ է, բայց այս երկու քաղաքները բաժանում է գետը: Վիզբադենում գործող հայկական միություն չկա, հետևաբար` Մայնցի եկեղեցական համայնքն ընդգրկում է նաև Վիզբադենը և շրջակա գյուղաքաղաքները: Կանոնավոր ձևով ամսական պատարագներ ենք կատարում, որից հետո կազմակերպվում են համայնքային, ինչպես մենք ենք կոչում` «սիրո սեղաններ»: Միասին որոշակի ժամանակ ենք անցկացնում, զրուցում ենք, եթե կան նորեկներ` ծանոթանում ենք, հույսով, հավատքով, որ մեկ ամսից նորից կհանդիպենք: Եկեղեցի չունենք, եկեղեցին և սրահը մեզ է տրամադրում Մայնցի գերմանական Ավետարանական եկեղեցիներից մեկը: Իբրև հայկական համայնք` փորձեր կատարեցինք հայերեն լեզվի դասեր կամ դպրոց ունենալու, ընդ որում` հայաստանցի ուսուցչուհի ունեինք: Որոշ ժամանակ գործելուց հետո, ինչ-ինչ պատճառներով` սաների թիվը նվազեց, հավանաբար ծնողների հետաքրքրությունը մարեց, քանի որ երբեմն մեր ծնողները երեխաներին բերելու համար նվազագույնը 15-20 կմ պետք է մեքենա վարեն, երբեմն էլ` ծուլանում են կամ հայերենի իմացությունը չեն կարևորում: Արդյունքում` այս պահի դրությամբ հայերեն դասընթացներ չունենք: Հայ համայնքն ունի նաև որոշակի մարզական հետաքրքրություն, օրինակ` Մայնցի ֆուտբոլային խմբի անունը «Ղարաբաղ» է: Տարին մեկ անգամ կազմակերպվում է ներհայկական ֆուտբոլի մրցաշար, որին Մայնցի երիտասարդները մասնակցում են: Մայնցը նաև մասնակցում է քաղաքի միջմշակութային տոնին, որտեղ մենք ճաշատեսակներով, հայերի մասին տեղեկատվություններով ներգրավվում ենք և, որի ժամանակ կենտրոնական հրապարակում ծածանվող տարբեր երկրների կամ ազգերի դրոշների կողքին ծածանվում է նաև մեր եռագույնը` այդպիսով արտահայտելով մեր ներկայությունը Մայնցում:

– Լեզվապահպանության խնդիրը սուր է Գերմանիայում գործող հայ համայնքների շրջանում: Դա ինչի՞ հետևանք է` հայ ծնողների` երեխաներին գերմանացիներին ձուլելու նախընտրությա՞ն, հնարավորությունների սղությա՞ն, թե՞ այլ խնդիրներ կան:

– Հիմնական խնդիրը նախ` ցրվածությունն է: Գերմանիան շատ մեծ երկիր է, և խնդիրն այն է, որ հայության մեծ մասը 60-ականներին եկել է աշխատելու, հետևաբար` որտեղ աշխատանք է գտել, որտեղ իրեն նպատակային ուղարկել են` իրենք տեղավորվել են այդ քաղաքներում: Այսպիսով` պետք է արձանագրել, որ հեռավորություններն էական նշանակություն ունեն: Որոշակի պատճառ է նաև, անշուշտ, անտարբերությունը, հայերեն լեզվի ոչ անհրաժեշտ կարևորումը: Ծնողները մտնում են կյանքի պայքարի մեջ` երկուշաբթիից շաբաթ մխրճված են իրենց ապրուստը հայթայթելու, ապրել կարողանալու խնդիրների մեջ, և եթե լեզվի, ազգային գիտակցության պակաս ունեն, ապա հանգստյան կիրակի օրն օգտագործում են իրենց մարդկային, մարմնական հանգիստը հոգալու համար` այլևս ժամանակ չգտնելով իրենց երեխաների ազգային կամ մշակութային, եկեղեցական կարիքները հոգալու համար: Անշուշտ, նաև մասնագետների խնդիր կա, քանի որ ամեն հայերեն իմացող չէ, որ կարող է հայերենի մասնագետ, մանկավարժ լինել: Խնդիրը նաև նյութական է, քանի որ համայնքը հնարավորություններ չունի Հայաստանից կամ որևէ երկրից արհեստավարժ ուսուցչուհի ունենալու: Ով մի քիչ հայերեն գիտի, խնդրում, աղաչում, պաղատում ես` ասելով` երեխաներին հայերեն սովորեցրու, անկախ նրանից` հայերենի իր իմացությունն ինչ որակ ունի:

– Բայց դրա համար պատասխանատու է Հայաստանում գործող մի ամբողջ գերատեսչություն` ՀՀ սփյուռքի նախարարությունը, որը լեզվապահպանությանն ուղղված ամենամյա պետական ծրագրեր է իրականացնում:

– Հնարավորություններ տեսականորեն կան: Եթե գիտակցության և կարևորության բավարար զգացումը լինի` ոչ ամեն տեղ, բայց որոշ տեղերում կարող ենք հաջողել նույնիսկ գերմանական նյութական աջակցությամբ հայերեն լեզվի կամ կրոնի դասավանդումը կազմակերպելու հարցում: Մինչդեռ դրա համար գերմանական օրենքներով որոշակի քանակ և տոկոս է անհրաժեշտ, ցավոք, մենք չկարողացանք լրացնել պահանջներն օրենքից օգտվելու համար: Օրինակ` ասորական համայնքն այդ հնարավորություններից օգտվում է, որոնք, ի դեպ, ավելի հավաք, կազմակերպված են ապրում, քան հայերը: Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանն ու Գերմանիայում Հայաստանի դեսպանությանը, ապա պետք է ասեմ, որ վերջին տարիներին մենք բավականին գրականություն ստացանք: Օրինակ` դեսպանության միջոցով Սփյուռքի նախարարությունը մեզ անվճար տրամադրեց այն դասագրքերը, որոնց կարիքն այստեղ ունեինք: Շատ հաճախ լավ, գեղեցիկ տպագրություններ են, թեև Հայաստանում պետք է տպագրվեն միօրյա դասագրքեր: Ամենօրյա դպրոցի դասագրքով այստեղ միօրյա դպրոցում չես կարող հայերեն սովորեցնել: Պետք է արևելահայերենի և արևմտահայերենի համար միօրյա հատուկ դասագրքերի նոր մեթոդ մշակվի: Անդրադառնալով մանկավարժների խնդրին` նշեմ, որ այս օրերին Հայաստանում Սփյուռքի նախարարությունն ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում, ընդ որում` մենք ամեն տարի նամակները ստանում ենք, համաձայն որի` նախարարությունը համայնքների հայերենի ուսուցիչներին հրավիրում է վերապատրաստության` հոգալով Հայաստանում նրանց կեցության հարցերը: Գերմանիայում ես այդ ուսուցիչը չունեմ, որպեսզի ուղարկեմ Հայաստան` վերապատրաստվելու:

– Բայց վերջին տարիներին Հայաստանից դեպի Գերմանիա արտագաղթած բավականին մեծ մտավոր ներուժ կա, որոնց թվում, բնականաբար, մանկավարժներ կան:

– Գերմանիայում Հայաստանից եկած իսկապես շատ լավ մտավորականություն ունենք, օրինակ` երաժիշտների հսկայական բանակ: Շատ մեծ կապ ունի, թե որ քաղաքում են հաստատվել, որովհետև, օրինակ, եթե մտավորականն ապրում է այն քաղաքում, որտեղ հայկական համայնք կա, և հետաքրքրություն ունի, ուրեմն` մասնակցում է համայնքային կյանքին: Վստահաբար ուսուցիչներ էլ կլինեն, որովհետև բավականին մեծ արտագաղթ եղավ Հայաստանից: Բայց մարդն, օրինակ` ապրում է այստեղից 50կմ հեռավորության վրա, և ես չեմ կարող սպասել, որ նա կանոնավոր ձևով կգա Մայնց` դասավանդելու: Այս ամենի հետ մեկտեղ` չեմ կարող չնշել, որ եթե համայնքի, մեր ծնողների հետաքրքրությունը լինի` շատ բաներ կարելի է անել, այսինքն` պոտենցիալի առումով մենք շատ ավելի մեծ հնարավորություններ ունենք, քան այսօր կա:

luso333

– Գերմանիայում բնակվող Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներն այսօր ստիպված են լինում եկեղեցական արարողություններին մասնակցելու համար հաճախել Կաթոլիկ, Ավետարանական կամ այլ դավանանքի եկեղեցիներ: Բնականաբար, տեղյակ եք, որ Հայաստանում եկեղեցաշինությունը եռում է, անկախ այն հանգամանքից, որ կառուցվող եկեղեցիները մասամբ դատարկ են: Աստծուն հաճոյանալու համար եկեղեցի կառուցում են նաև այն օլիգարխները, որոնք մի ձեռքով թալանում են պետության փողերը, մյուս ձեռքով «հոգևոր» կառույցներ են ստեղծում: Գերմանիայում ապրող մոտ 60.000 հայերի համար գուցե արժե հայկական եկեղեցի կառուցելու կո՞չ անել:

– Չեմ կարծում, որ ամեն օլիգարխ է անում, եզակի երևույթներ են անգամ այդ ասպարեզում: Երևանը եկեք համեմատենք Քյոլնի հետ` զուտ եկեղեցիների իմաստով: Քյոլնը և Երևանը շուրջ 1մլն բնակչություն ունեցող քաղաքներ են: Տեսե՛ք, Քյոլնում կա առնվազն 200 եկեղեցի, իսկ Երևանում` հազիվ 20 եկեղեցի: Այնպես չէ, որ Հայաստանում եկեղեցիներն արդեն շատ-շատ են: Օրինակ` Գերմանիայում չեք գտնի 3000 բնակչություն ունեցող գյուղ, որը եկեղեցի չունի: Հայաստանում այնքան բնակավայրեր կան, անգամ 10.000 բնակչություն ունեցող, որ եկեղեցի չունեն: Նույն Աբովյան քաղաքը եկեղեցի չուներ: 50.000, 20.000 բնակչություն ունեցող բնակավայրերում կառուցվող եկեղեցիների անհրաժեշտությունը կար: Այլ հարց է, թե` արդյո՞ք պետք է այդքան շքեղ կառուցել… Եթե բարերարը շքեղ է կառուցում, ես չեմ կարող իրեն ասել` շքեղ մի կառուցիր, կարող ես խորհուրդ տալ, բայց ոչ` պարտադրել: Ես չեմ կարծում` Հայաստանում չափից ավելի եկեղեցիներ են կառուցվում:

– Հայաստանի և Գերմանիայի համեմատությունը որքանո՞վ է տեղին, մասնավորապես, եթե հաշվի առնենք, որ Գերմանիան համարվում է Եվրոպայի ամենազարգացած պետություններից մեկը, իսկ Հայաստանը, թեև պաշտոնապես դասվում է զարգացող երկրների ցանկին, այդուհանդերձ, բոլորս գիտենք, որ աղքատ, սոցիալական պաշտպանության խոցելի մոդել ունեցող պետություն է, իսկ բնակչությունը հացի, տարրական կենսապահովման խնդիր ունի:

– Ժողովրդի հոգևոր կարիքները հոգալ պե՞տք է: Մենք խոսում ենք առաջին քրիստոնյա պետություն, քրիստոնյա ազգ լինելու մասին, բայց չէ՞ որ քրիստոնեական տեսակետով` այս ժողովուրդն իսկապես դաստիարակության կարիք ունի: Այսօրվա սերունդը, այո, իրավահաջորդ է, բայց զուտ մշակութային, մտածելակերպային իմաստով` որքանո՞վ է հայ քրիստոնյայի ժառանգորդը: Օրինակ, այսօր Հայաստանում շատ արատներ, բարքեր կան, որոնք գեղեցիկ, լավը չեն, քննադատելի են: Այսինքն` ժողովրդին քրիստոնյա վերադաստիարակելու, քրիստոնեական մտածողության մեջ դաստիարակելու անհրաժեշտություն կա, որի համար, անշուշտ, պետք են նաև եկեղեցիներ: Ավելին ասեմ` այնպես չէ, որ Հայաստանում միայն եկեղեցի են կառուցում: Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հովանու ներքո այսօր Հայաստանում գործում են բազմաթիվ այլ հաստատություններ, որոնց ֆինանսավորումը եկեղեցին է կատարել, կամ Ամենայն Հայոց կաթողիկոսը որոշակի բարերարների ուղղորդել է, օրինակ` հայորդաց տներ կամ Էջմիածնում զբոսայգիներ կառուցելու: Այսօր Էջմիածնի հովանավորությամբ գործում են հիվանդանոցներ, ծերանոցներ, ճաշարաններ, որոնց մասին առանձնապես խոսելու կարիք չկա: Սա մեր գործը, պարտքն է, որոնց մասին չեմ թմբկահարելու, ծառայությունս գովազդելու անհրաժեշտություն չունեմ: Եկեղեցու ծառայության մեջ է մտնում նաև այսպիսի առաքելությունը, և եկեղեցին փորձում է դա անել: Հիմա կհարցնեք` եկեղեցին չի՞ թերանում, անշո՛ւշտ թերանում է, քննադատելի կետեր չունի՞, անշո՛ւշտ ունի, և, եթե չես ուզում քեզ քննադատեն, ամենահեշտ ճանապարհը ոչինչ չանելն է: Գերմանիայի հետ համեմատության խնդիրը հարուստ կամ աղքատ երկրի հետ կապ չունի: Ժողովուրդը, հարուստ և աղքատ մարդը քրիստոնեական դաստիարակության անհրաժեշտություն ունի: Որքան էլ մենք մեր բարերարներին ուղղորդենք` իրենք որոշակի նպատակներ ունեն` ուզում է եկեղեցի կառուցել: Կամ կարող ես մերժել, կամ, օրինակ, փորձում է Ամենայն Հայոց կաթողիկոսը բարերարներին ուղղորդել եկեղեցի կառուցել այն բնակավայրերում, որտեղ չկան եկեղեցիներ: Ըստ այդմ, եկեղեցիներ հիմնվեցին Արտաշատում, Մասիսում, Չարենցավանում, Աբովյանում: Հայաստանի մամուլը կամ որոշակի ուժեր հաճախ այլ կերպ են ներկայացնում ստեղծվող եկեղեցու գոյությունը` ասելով` մարդկանց սոված թողած, եկեղեցի են կառուցում, բայց ժողովուրդը եթե մարմնի սով ունի, ուրեմն` հոգու սով էլ ունի:

– Հավանաբար տեսած կլինեք Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ օծված Աբովյանի Սբ. Հովհաննես-Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը հաջորդած այն տեսանյութը, որտեղ, մասնավորապես` տարեց մարդիկ, հարձակվել էին եկեղեցու բակում տեղադրված սեղանի վրա: Արդյո՞ք դա փաստ չէ, որ քաղցած ժողովրդին նախ` պետք է հաց տալ, ոչ թե` շքեղ շենք:

– Ես այդ հակադրությունն արհեստական եմ համարում: Հայաստանի շատ բնակավայրերում, օրինակ, մանկապարտեզներ չկան կամ անմխիթար վիճակում են: Շատ դպրոցներ, հիվանդանոցներ վատ վիճակում են, բայց հակադրությունը չեմ տեսնում: Պետք է ամեն ինչ անել, փորձել Հայաստանում ամեն իմաստով զարգանալ, և եկեղեցու կառուցումը չէ, որ խոչընդոտում է դրան:

– Բայց պե՞տք է կիսաքաղց թոշակառուին կերակրել, որպեսզի ֆիզիկապես ի զորու լինի հոգևոր կյանքին մասնակցել:

– Համաձայն եմ, բայց կրկնում եմ` մեկը մյուսով պայմանավորել պետք չէ: Այսօր դու կարող ես Հայաստանում ապահովված լինել, պատկանել մեծահարուստների թվին, բայց եկեղեցի ոտք չդնել: Կարող ես լինել աղքատ, բայց ամեն կիրակի պատարագին ներկա լինել: Հարուստը կամ աղքատը չափանիշ չէ եկեղեցի այցելության հաճախականության: Հայաստանում այնքան ապահովված մարդիկ կան, որոնց կողքին եկեղեցի կա, բայց տեղն անգամ իրենք չգիտեն: Ինչ վերաբերում է եկեղեցաշինությանը, ապա պետտուրքերը չեն մղվում եկեղեցաշինությանը, այլ դրա մասին հոգում է Էջմիածինը` բարերարների միջոցով: Եթե մինչև հիմա արտաքին, այսինքն` արտաքին սփյուռքի բարերարներն էին, ապա այսօր կան բարերարներ Հայաստանից և ներքին սփյուռքից:

– …Որոնք թաքցնելով հարկերը` գողանում են պետբյուջեի միջոցները և մեզ «լավություն» են անում` եկեղեցի կառուցելով և «բարեգործությամբ»:

– Հայաստանում բոլորը` դա կլինի մեծահարուստ, գործատեր, գործարար թե սովորական աշխատավարձ ստացող, հարկերը պետք է վճարեն, որովհետև հարկերը պետության հիմնական եկամտի աղբյուրն են: Պետությունը գործում է հարկերից ստացված եկամտի հաշվին. Գերմանիան էլ է այդպես, որտեղ, եթե չվճարենք հարկերը, չենք ունենա դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ: Հարկերը պետք է վճարեն և՛ աղքատները, և՛ հարուստները, այսինքն` պետք է կատարել քաղաքացիական պարտականությունը: Եթե Հայաստանի որոշ գործարարներ հարկերից խուսափում են, երանի որոշակի ծառայություններն ավելի ուշադիր լինեն, և չեմ էլ սպասում, որպեսզի մեկը հարկերից խուսափելով` եկեղեցի կառուցի, ես էլ սպասեմ. Աստված վերուստ չի սպասում: Երբեք ու երբեք չէի ուզի` հարկերից խուսափելու, անարդար միջոցներով դրամ աշխատելու, սրան-նրան կողոպտելու հաշվին բարերարություն արվեր: Դա, ի վերջո, նրանց խղճի հանգստությունն է, բայց ի վերջո` դատավորն Աստված է և ամենատեսն է: Ինձանից, քեզանից, պետությունից թաքցրեցին, բայց Աստծուց թաքցնելն անկարելի է, թեև Աստծուն էլ խնդրում ենք` ոչ թե իր արդարությամբ դատի, այլ` իր գթությամբ քավի: Հուսամ, որ օրերից մի օր ցանկացած անձ կարժանանա Աստծուն ներկայանալու բաց ճակատով: Հայաստանում տեսնում եմ օրենքի, իշխանավորի նկատմամբ վստահության պակասը, իշխանավորի կողմից սովորական մարդուն արժևորելու պակասը: Իշխանավորը պետք է հասկանա, որ ինքը վերևում չէ, իսկ սովորական քաղաքացին` ներքևում: Ինքն իշխանության, Կառավարության, ԱԺ ներկայացուցիչ է, քաղաքական դեմք է, և իրեն տրված է իր իրավունքների և պարտականությունների սահմանում որոշակի ծառայություն բերել: Բայց սա մտածողության փոփոխության հարց է: Պաշտոնյան, բուժաշխատողը, սովորական քաղաքացին, բոլորը դժգոհում են, բայց միևնույն ժամանակ` նույն բուժաշխատողը կարող է իր բնագավառում խախտել օրենքը, արդար չլինել, և դրան զուգահեռ` մեկ ուրիշից դժգոհել: Այնպես որ, ամեն մեկս պետք է կարողանանք մեր պարտականություններն ազնվորեն կատարել մեր ծառայության մեջ, մեր դիրքում, անկախ նրանից` վերին, ներքին իշխանությո՞ւն է, թե՞ ժողովուրդ է:

Զրույցը վարեց ԼՈՒՍԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս