Բաժիններ՝

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսեց հանրապետությունում առաջիկայում սպասվող եղանակի մասին: Նա ասաց, որ այս տարվա ամենաբարձր ջերմաստիճանը հովտային շրջաններում եղել է 35-36 ստիճան, հիմնականում `տատանվել է 33-34 աստիճանի սահմաններում, որը նորմալ է:

«Այսօրվանից առաջիկայում հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, չի բացառվում, որ առանձին օրերի` առանձին վայրերում դիտվեն տեղումներ, հատկապես` առաջիկա մի քանի օրերին, որից հետո ավելի չոր եղանակ է սպասվում:

Օդի ջերմաստիճանը այսօրվանից կբարձրանա, և վաղը` Արարատյան դաշտում սպասվում է մինչև 36, լեռնային շրջաններում` 29, Սյունիքում`36, Տավուշում` 32 աստիճան տաքություն: Հաջորդ օրը ջերմաստիճանը կբարձրանա ևս մեկ աստիճանով: Հուլիսիս 12-13 -ին ` առավելագույն ջերմաստիճանը կհասնի +37-ի, իսկ հուլիսի 14-15ին` Արարատյան դաշտի առանձին վայրերում, չի բացառվում, որ կհասնի +38-ի. սա միանգամայն համապատասխանում է նորմային»,- ասաց Զարուհի Պետրոսյանը:

Զ. Պետրոսյանը նշեց, որ, բնականաբար, այս ֆոնը մինչև ամառվա վերջ չի պահպանվի, առանձին օրեր դարձյալ կլինեն ցուրտ օդի ներխուժումներ, տեղումներ: Խոսելով օգոստոսին սպասվող ջերմաստիճանից նա ասաց, որ սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան, իսկ տեղումները` նորմայից պակաս, այսինքն` չոր օգոստոս:

«Սևանա լճի ջրի ջերմաստիճանը +19˚է, և տարվա այս ժամանակահատվածի համար դա նորմալ է, իսկ ամենատաքը կլինի առաջիկա օրերին: Մեր առողջարանային վայրերում զով եղանակ կլինի», – ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս