Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության ժամանակ զոհվել է 75 պաղեստինցի
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական ավիացիան այսօր առավոտյան Գազայի հատվածում ոչնչացրել է տեղի խոշորագույն խմբավորումներից մեկի՝ «Իսլամական ջիհադի» երեք զինյալի:
Դրանով իսկ իսրայելական ներկայիս ռազմական կամպանիայի ժամանակ զոհված պաղեստինցիների թիվն աճել է մինչև 75-ի: Բացի այդ, վիրավորվել է ավելի քան 530 մարդ:
Իսրայելի տվյալներով՝ «Իսլամական ջիհադի» տրամադրության տակ կա 5500 ռեակտիվ արկ: Դրանցից ավելի քան 100-ի հեռահարությունը կազմում է 80 կիլոմետր, ինչը նշանակում է, որ դրանք ունակ են հասնել Թել Ավիվին և խիտ բնակեցված այլ քաղաքների:
Երեքշաբթի մեկնարկած կամպանիայի ընթացքում իսրայելցի զինվորականներն ընդհանուր առմամբ հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող 750 թիրախի: Իսրայելում արդեն իսկ մեկնարկել է 40.000 ռեզերվիստների զորահավաքը:
Իսրայելական ռազմական կամպանիայի սկսվելուց հետո Իսրայելի տարածքում ընկել է ավելի քան 255 հրթիռ, Իսրայելի ՀՕՊ-ի համակարգը որսացել է մոտ 70 հրթիռ: Դրանց հետևանքով Իսրայելում դեռ զոհեր և լուրջ ավերածություններ չեն գրանցվել: