Նախագահական ընտրություններից հետո Էրդողանը հանդես է գալու հայկական նոր նախաձեռնություններով. Aydınlık
Թուրքական Aydınlık թերթի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանի 2015 թվականի պլանը՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Պարզվել է, որ Էրդողանը պատրաստվել է նախագահական ընտրություններից հետո հանդես գալ հայկական նոր նախաձեռնություններով:
Դրա հետ կապված՝ Թուրքիայի կառավարությունը չի երկարաձգել Թուրքական պատմագիտական ընկերության (Türk Tarih Kurumu, TTK) նախագահ (հայտնի հայատյաց) Մեթին Հյուլագյուի պաշտոնավարման ժամկետը, ինչը հանդիսացավ հայերին Էրդողանի հասցեագրած ցավակացական ուղերձի շարունակությունը:
Հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը դա պայմանավորում է նրանով, որ Հյուլագյուն Էրդողանի ցավակցական ուղերձի հարցում պաշտպանել է հակառակ դիրքորոշում: Հյուլագյուի հրաժարականի մասին լուրերը մամուլում հայտնվեցին նախորդ շաբաթներին:
Habertürk թերթի հոդվածագիր Մուրաթ Բարդաքչըն կարծում է, որ Հյուլագյուի հետ տեղի ունեցածը ոչ թե հրաժարական է, այլ՝ պաշտոնավարման ժամկետի չերկարաձգում: Միևնույն ժամանակ կառավարության կողմից պաշտոնավարման ժամկետի չերկարաձգումը նշանակում է ավտոմատ կերպ զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ:
Քոփթաշը կարծում է, որ Հյուլագյուի պաշտոնանկությունը տեղավորվում է 2015 թվականին ընդառաջ կառավարության կողմից նոր պատրաստությունների համատեքստում. «Հիմնական հարցն այն է, որ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարությունը նոր դիրքորոշում է որդեգրել Հայկական հարցում:
ԱԶԿ-ի ղեկավարությունը և մասնավորապես վարչապետ Էրդողանը ցավակցական ուղերձի միջոցով ի ցույց դրեց այդ նոր դիրքորոշումը, միաժամանակ նա չի ցանկանում գործ ունենալ (աշխատել) TTK-ի ղեկավարության հետ, որը դեռ գործում է «հին գլխով» (մտածելակերպով): Դրա վառ վկայությունն է Մեթին Հյուլագյուի և մի շարք պրոֆեսորների պաշտոնավարման ժամկետի չերկարաձգումը»:
Քոփթաշը կառավարության ու TTK-ի ղեկավարության այս հարաբերությունները պայմանավորում է Էրդողանի «ապրիլքսանչորսյան» ուղերձով: «Այդընլըքին» հասած տեղեկությունները հաստատում են Քոփթաշի տեսակետը: Դիվանագիտական աղբյուրներն ընդգծում են, որ Էրդողանը նախագահական ընտրություններից առաջ որևէ քայլ չի գործելու Հայաստանի ուղղությամբ:
ԱԳՆ-ն էլ իր վերջին հայտարարությունում նշեց, որ օրակարգում չի գտնվում (հայ-թուրքական) սահմանի բացումը: Սակայն Էրդողանը սպասում է նախագահ դառնալուն, այն բանից հետո, ինչ Էրդողանը կդառնա նախագահ, նա նոր քայլեր է կատարելու Հայաստանի հարցում:
ԱԳՆ-ին մոտ կանգնած մի աղբյուրը հիշեցրել է Էրդողանի այն հայտարարությունը, որ «օգոստոսի 10-ին ձևավորվելու է լիովին նոր Թուրքիա» և որ Հայկական հարցում ձեռնարկվելու են նոր քայլեր: TTK-ում կատարված իրադարձությունները տեղավորվում են այս համատեքստում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական Taraf թերթը հայտնել էր, որ Հայաստանի հետ սահմանը բացվելու է այս տարվա սեպտեմբերին: Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է օգոստոսի 10-ին: Հնարավոր երկրորդ փուլն անցկացվելու է օգոստոսի 24-ին: Գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման ժամկետն ավարտվելու է օգոստոսի 28-ին: