Հայաստանում նշել են Վրաստանի և Ուկրաինայի եվրոասոցացումը

Երեկ Հայաստանում Վրաստանի դեսպանատանը Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության նախաձեռնությամբ նշել են Վրաստանի և Ուկրաինայի կողմից Եվրոասոցացման համաձայնագրի ստորագրումը: Այս միջոցառմանը հրավիրված են եղել Հայաստանում ԵՄ անդամ երկրների և ԱՄՆ-ի դեսպանները: Սակայն սկանդալն այն է, որ միջոցառմանը հրավիրված չի եղել որևէ հայ պաշտոնյա` ոչ ԱԳՆ-ից և ոչ իշխանության այլ օղակներից: Համենայն դեպս, նրանցից որևէ մեկը ներկա չի եղել այդ միջոցառմանը: Կարելի է չկասկածել, որ «և-և»-ի քարոզչություն անող և Եվրամիության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնող Հայաստանի պաշտոնյաներն անպայման կընդունեին Եվրամիության հրավերը, եթե այդպիսին ստանային: Կընդունեին, որպեսզի դրանով ցուց տային, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգացում ապրել, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը պատրաստվում է ոչ թե Ասոցացման, այլ Եվրասիական միություն մուտք գործելու համաձայնագիր ստորագրել: Միջոցառման միակ հայ մասնակիցները եղել են ԱԺ Եվրաինտեգրացման հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Միջոցառման մասնակիցները շնորհավորել են Վրաստանին և Ուկրաինային ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու առիթով, իսկ Հայաստանում Վրաստանի և Ուկրաինայի դեսպանները շնորհակալություն են հայտնել այդ շնորհավորանքների համար: Ֆորմալ առումով միջոցառման ժամանակ Հայաստանի և նրա կողմից ընտրված Եվրասիական ընտրության մասին խոսք չի եղել: Բայց դեսպանների ելույթների մեջ հնարավոր է եղել շոշափել նաև Հայաստանին ուղղված ակնարկներ: Ելույթ ունեցողները, այդ թվում և՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ընդգծել են, որ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան  շատ ճիշտ քաղաքական որոշում են կայացրել իրենց ժողովուրդների և երկրների համար, և ընդգծել, որ այս երկրների համար բացվում են զարգացման շատ լայն հեռանկարներ, որ Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ համագործակցության միայն սկիզբն է:

Ինչո՞վ կարելի է բացատրել Հայաստանում ԵՄ ներկայացուցչության կողմից կազմակերպված այս դիվանագիտական դեմարշը: Հայ պաշտոնյաներին այս միջոցառմանը հրավեր չուղարկելը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ նրանք միաբերան կրկնում են, որ Հայաստանի ռազմավարական շահերից է բխում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը, իսկ Եվրամիությանը մեղադրում են Հայաստանին անվտանգության ոչ բավարար երաշխիքներ տրամադրելու մեջ: Բայց ԵՄ պաշտոնյաներն այդ միջոցառմանը կարող էին հրավիրել հասարակական սեկտորի ներկայացուցիչներին, նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում Վրաստանի և Ուկրաինայի եվրաասոցիացմանը:

Բայց եվրոպացիներն իրենց այս վերաբերմունքով ցանկացել են ցույց տալ, որ Հայաստանն իրենց համար կորսված երկիր է: Ուզեցել են ասել, որ, եթե ուզում եք մտնել Եվրասիական միություն` Ձեզ բարի ճանապարհ:

Տեսանյութեր

Լրահոս