Բաժիններ՝

«Անընդհատ շարունակվող թանկացումները երկիրը հասցրել են սոցիալական պայթյունի շեմին». ՍԴՀԿ Երևանի վարչություն

Առանց այդ էլ ծանր սոցիալական իրավիճակում մեր երկրի քաղաքացիների համար հերթական հարվածն է էլեկտրաէներգիայի գների թանկացումը, որը, բնականաբար, իր հերթին հանգեցնելու է առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների շղթայական թանկացմանը:

Այս իրավիճակում, երբ Հայաստանի քաղաքացին արդեն իսկ ուտելու հաց չունի և բռնել է արտագաղթի ճանապարհը, նման որոշումը հղի է վտանգավոր և անհեռատես հետևանքներով:

Սա, կարծես թե, մարտահրավեր է, ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Մեզ համար ընկալելի չէ իշխանությունների առաջ քաշած պատճառաբանությունները, թե պետական բյուջեն հնարավորություն չունի լրացնել էլեկտրաէներգիայի համար գանձվող գումարի փոխհատուցումը:

Ի տարբերություն իշխանությունների, հասարակությունը շատ լավ գիտի, թե որտեղից կարելի է գտնել այդ գումարները և, բացառապես, օրինական ճանապարհով: Եթե մեր երկրի տնտեսության մի ստվար հատված գտնվում է ստվերում՝ այսինքն չի հարկվում, եթե օլիգարխիան պատշաճ չի կատարում իր հարկային պարտավորությունները, ապա, բնականաբար, բյուջեում նաև գումար չի լինի:

Մենք պահանջում ենք ծածկել այդ բացը հենց ստվերի կրճատման և օլիգարխիային հարկային դաշտ բերելու միջոցով:

Անընդհատ շարունակվող թանկացումները երկիրը հասցրել են սոցիալական պայթյունի շեմին: Իսկ առավել վտանգավոր և առավել պահանջատեր մարդ, քան սոված և երեխաներին հաց տալու հնարավորություն չունեցող քաղաքացին է, գոյություն չունի:

Ս.Դ. Հնչակյան կուսակցության Երևանի վարչությունը կոչ է անում վերանայել այս ժամանակավրեպ և անտեղի որոշումը՝ հաշվի առնելով ծանր տնտեսական իրավիճակն ու համատարած աղքատությունը:

Ս.Դ. Հնչակյան կուսակցության Երևանի վարչություն

Ատենապետ՝ պատմական գիտությունների թեկնածու Մանուկ Ստեփանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս