Բաժիններ՝

Եկել է պահը նորովի իմաստավորելու լատինամերիկյան երկրների հետ Հայաստանի համագործակցությունը. Սերժ Սարգսյան

Ի պատիվ պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ հուլիսի 7-ին տրվել է պաշտոնական ճաշ:

Սերժ Սարգսյանն իր բաժակաճառում ասել է.

«Հարգարժա՛ն ներկաներ,

Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել հյուրընկալ արգենտինյան հողում, եւ ես շնորհակալ եմ այս ջերմ հյուրընկալության համար: Մեծ հաճույք է նաեւ գտնվել «Բարի քամիների» քաղաքում` տանգոյի համաշխարհային մայրաքաղաք Բուենոս Այրեսում, որն ինքնին լի է այդ պարի ոգով եւ մեղեդիներով: Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհավորել Արգենտինայի բարեկամ ժողովրդին գալիք տոնի` Արգենտինայի անկախության օրվա կապակցությամբ : Արգենտինական պետականության ակունքներին կագնած այրերի՝ գեներալ Սան Մարտինի եւ այլոց ազատատենչ տեսլականի շնորհիվ էր, որ արգենտինացի ժողովուրդը հետագա դարերի ընթացքում կերտեց իր այսօրվա հաջողությունների հիմքը: Մաղթում եմ Արգենտինայի բարեկամ ժողովրդին առաջընթաց, բարեկեցություն եւ հաջողություն:

Անցած երկու տասնամյակների ընթացքում երկուստեք մեծ աշխատանք է տարվել հայ-արգենտինական փոխշահավետ համագործակցությունն ու գործընկերային սերտ կապերն ամրապնդելու ուղղությամբ: Պատահական չէ, որ Հայաստանն ու Արգենտինան տարածաշրջանային առաջին դեսպանությունները հիմնեցին հենց միմյանց մայրաքաղաքներում:

Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ առկա են համագործակցության մի շարք հեռանկարային ոլորտներ՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաներ, առողջապահություն եւ այլն: Այստեղ մենք արդեն ունենք հպարտության արժանի ձեռքբերումներ. Հայաստանում կատարված ներդրումների ծավալով Արգենտինան աշխարհի պետությունների շարքում այսօր զբաղեցնում է երրորդ տեղը: Այս կարեւոր ձեռքբերման մեջ, իհարկե, մեծ է մեր կողմից շատ սիրված արգենտինահայ անվանի գործարար պարոն Էդուարդո Էռնեկյանի դերը:

Եկել է պահը նորովի իմաստավորելու լատինամերիկյան երկրների հետ Հայաստանի համագործակցությունը: Մեր ցանկությունն է, որ Արգենտինան Հայաստանի համար յուրատեսակ դարպաս լինի դեպի հարավամերիկյան տարածա-շրջան: Հայաստանն էլ կարող է կապել Արգենտինան Մաքսային միության եւ ԱՊՀ երկրների հետ:

Հայաստանում լավ են ճանաչում Արգենտինայի հարուստ մշակույթը՝ երաժշտությունը, գրականությունն ու կինոարվեստը: Տանգոյի ամենամյա փառա-տոնը, որն իրականցվում է Արգենտինայի դեսպանության հովանավորությամբ, դարձել է Երեւանի մշակութային կյանքի կարեւոր իրադարձություններից: Որպես մշակութային կապերի հիշարժան դրվագ` ակամայից մտաբերեցի 2012թ. գրքի միջազգային մայրաքաղաքի տիտղոսը Բուենոս Այրեսից Երեւանին փոխանցելու արարողությունը: Թերեւս տեղին է այստեղ հիշատակել մեծն Բորխեսի խոսքերը. «Ամեն ոք յուրովի է պատկերացնում դրախտը. ես այն մանկուց պատկերացրել եմ որպես մեծ գրադարան»:

Տիկնայք եւ պարոնայք,

Օգտագործելով այս առիթը՝ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Արգենտինային, նախագահ դե Կիրշներին եւ իր երջանկահիշատակ ամուսնուն, նախագահ Նեստոր Կիշներին` Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում ներդրած մեծ ավանդի համար: Սա առավել արդիական է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ աշխարհասփյուռ հայությունը եւ ողջ առաջադեմ մարդկությունը ցեղասպանության հարյուրամյակի շրջանակներում հարգանքի տուրք են մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Հայ եւ արգենտինացի ժողովուրդների միջեւ բարեկամության խորացման գործում անգնահատելի դերակատարություն ունեն Արգենտինայում հաստատված հայերը: Մեր հայրենակիցների մի ստվար հատված այս հեռավոր եւ հյուրընկալ ափերում հայտնվել են հենց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետեւանքով: Հիրավի, ճշմարիտ է ասված, որ փորձության պահին երբեք չգիտես, թե որտեղից կգա սփոփանքն ու հույսը: Մենք հավերժ երախտապարտ ենք Արգենտինային Մեծ Եղեռնը վերապրածներին գրկաբաց ընդունելու, պատսպարելու եւ նոր կյանք սկսելու հնարավորություն ընձեռելու համար: Իրենց հպարտորեն արգենտինացի կոչելով հանդերձ, արգենտինահայերը հպարտ են իրենց հայկական արմատներով, ազգային հարուստ մշակույթով եւ ավանդույթներով:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին գտնվելով Բուենոս Այրեսում՝ չեմ կարող, իհարկե, չհիշատակել` ոչ միայն Արգենտինայում, այլ նաեւ Հայաստանում ամենասիրված այդ մարզաձեւը: Մեր երիտասարդ սերնդի համար Արգենտինան նախ եւ առաջ ֆուտբոլային գերտերություն է, Մարադոննայի եւ Մեսսիի երկիրը: Կարող եմ վստահեցնել, որ Հայաստանի բնակչության զգալի հատվածը երկրպագում է ձեր երկրի հավաքականին, որին ես մաղթում եմ մեծ հաջողություններ:

Ավարտելով խոսքս՝ առաջարկում եմ բաժակ բարձրացնել եւ առողջություն մաղթել տիկին Նախագահին, բաժակ բարձրացնել ի փառս Արգենտինայի, նրա տաղանդավոր, աշխատասեր եւ բազմավաստակ ժողովրդի, ի հարատեւություն հայ-արգենտինյան բարեկամության:

Կեցցե՛ն Հայաստանն ու Արգենտինան:

Կեցցե՛ հայ-արգենտինյան բարեկամությունը»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս