ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությունը տեղի չի ունենա նույնիսկ մինչև հունվար. Ստյոպա Սաֆարյան

Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգման հարցը պայմանավորեց մի քանի պատճառներով: Նրա կանխատեսմամբ՝ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին տեղի չի ունենա նույնիսկ մինչև հունվար ամիսը, քանի որ այդ խնդիրները չեն լուծվի մինչ այդ:

«Ինձ համար գոնե պարզ է եղել ի սկզբանե, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային, այնուհետև Եվրասիական միությանը պայմանավորված է եղել մի շարք գործոններով, որոնք ժամանակ առ ժամանակ ջրի երես են դուրս եկել և խոչընդոտ հանդիսացել անդամակցությանը»,-այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նա նշեց, որ Հայաստանն այժմ չի շտապում անդամակցել Մաքսային միությանը, ինչպես նախկինում։

«Երևանը շտապում էր անդամակցել ԵՏՄ-ին մինչև մարտի հինգը: Այդ ընթացքում նույնիսկ զարմանալի էր, թե որքան արագ է Հայաստանը կատարում իր պարտականությունները: Իսկ հետո Հայաստանի մոտ նկատվեց փոքր-ինչ հիասթափություն, որովհետև խնդիրները չափազանց լուրջ էին»,-ասաց քաղաքագետը:

Խոչընդոտող խնդիրներից մեկը նա համարեց այն, որ հունիսի 17–ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե բազմաթիվ ապրանքատեսակների հետ կապված մաքսադրույքների հարցը լուծված է, սակայն պարզվեց, որ լուծված չեն: Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ չլուծվեց նաև մաքսային տարանցիկ ձևակերպումների խնդիրը՝ անգամ Վրաստան այցելությունից հետո:

«Ղարաբաղյան խնդիրը, որքան էլ չհամարեն խոչընդոտ, միևնույն է, դրված է սեղանին»,- ասաց բանախոսը և ավելացրեց, որ ՄՄ երեք երկրների ամբողջ նպատակը Ադրբեջանին հրապուրելն է, որպեսզի նրան ներառեն ԵՏՄ նախագծերում:

 

Տեսանյութեր

Լրահոս