Մենք դեռ չենք ստացել Ադրբեջանին հղած նոտայի պատասխանը. Փանջիկիձե
Վրացական IPN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը Ադրբեջանից դեռ տեղեկատվություն չի ստացել Բաքվի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն.
«Մենք նոտա ենք հղել ադրբեջանական կողմին, որում խնդրել ենք տեղեկատվություն ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել: Մենք դեռ պատասխան չենք ստացել: Դա զարմանալի չէ, քանի որ Ադրբեջանի ԱԳՆ-ը, որին ոչ մի կերպ չի վերաբերվում տվյալ փաստը, ինքը պետք է տեղեկատվություն փնտրի համապատասխան գերատեսչություններում, և դա հնարավոր է՝ կպահանջի որոշակի ժամանակ»:
Վրաստանում նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորներ Իրմա Նադիրաշվիլին ու Զուրաբ Ջափարիձեն մի քանի որ օր առաջ խնդիրներ էին ունեցել Բաքվի օդանավակայանում: Նրանց կանգնեցրել և խուզարկել էին տեղի մաքսային ծառայության աշխատակիցները:
Հիշեցնենք, որ միջադեպից հետո Վրաստանում Ադրբեջանի դեսպանը կանչվել էր Վրաստանի ԱԳՆ: