Սոս Գիմիշյան. Եթե խելոք լինենք Նազարբաևի հնչեցրածը ծառայելու է հօգուտ մեզ

«Գեղամյանը նույնպես շատ լավ գիտի, որ մեզ ձեռնտու չէ, որ Ադրբեջանը գա, բայց ճիշտ է անում, որ ասում է՝ եկեք, մենք դեմ չենք: Ինչո՞ւ դեմ լինենք, բայց հաստատ վստահ եմ ես, որ չի գալու: Ես կարծում եմ՝ սա Ռուսաստանից թելադրված խոսքեր են, որ Գեղամյանը կամ ռուսական փորձագետները հնչեցնում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Ըստ Սոս Գիմիշյանի՝ Ռուսաստանն այսօրվանից հիմնավորում է ապագայի լուծումների տրամաբանությունը. «Երկու անգամ Ռուսաստանը առաջարկ արել է. մի անգամ արել է մինչև սեպտեմբերի 3-ը, և ես համոզված եմ՝ կանխամտածված: Երբ Հայաստանում բոլորը գոռգռում էին, որ գնում ենք Եվրոպա, մեր Ազգային ժողովն էլ, կառավարությունն էլ՝ բոլորը: Պուտինը առաջինը գնաց Բաքու և առաջարկ արեց՝ տեսեք Հայաստանը գնում է Եվրամիություն, եկեք դուք մտեք Մաքսային միություն, այդ դեպքում մեր շահերը կսկսեն համընկնել, Ղարաբաղի հարցում էլ հօգուտ ձեզ ինչ-որ քայլեր կլինեին: Բայց Ադրբեջանը 10 օր հետո մերժեց: Երկրորդ առաջարկը եղավ արդեն նրանից հետո, երբ արդեն Հայաստանն էր որոշել: Եվ ես համոզված եմ՝ Գեղամյանը, որ խոսում է Բաքվում՝ մենք դեմ չենք, որ Ադրբեջանը գա, ես գտնում եմ՝ մեր շահերին դեմ է, որ Ադրբեջանը գա: Լավ կլինի՝ մենք տարբեր ճամբարներում լինենք: Այդ պարագայում մենք առավելագույնս կշահենք Ղարաբաղի հարցում:

Ուկրաինան էլ էր ուզում մտնել, և բնական է: Ռուսաստանը հստակ գիտի: Ադրբեջանը տարբերակ չունի գնալ Մաքսային միություն, Ռուսաստանն էլ շատ լավ գիտի, որ չունի այդ տարբերակը: Բայց բազմաթիվ անգամ կրկնում է, որ ֆիքսի՝ այ, մենք քեզ առաջարկում էինք՝ արի մեզ մոտ, չեկաք, դե հիմա դուք իմացեք՝ ձեզ ինչ է սպասվում:

Ռուսաստանը շատ լավ գիտի, որ Ադրբեջանին մորթես էլ, ինչ ուզում ես՝ խոստացի, չի կարող գալ, որովհետև ինքն իր ամբողջությամբ ուրիշ տեղ է»:

Կարդացեք նաև

Տարածաշրջանում ամենահիմնական աշխարհաքաղաքական խնդիրը, որ գոյություն ունի՝ Ս. Գիմիշյանի խոսքով, այն է, թե՝ Հայաստանը կգնա դեպի Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսային միություն: Նրա դիտարկմամբ՝ հենց այս խնդրից են առաջանում բոլոր հետևանքերը: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 3-ի որոշումից հետո այս լարվածությունը կամաց-կամաց մեծացավ: «Եվ, բնական է, որ Եվրոպան, Արևմուտքը փորձում են այնպիսի քայլերի դիմել, որ հետ կանգնեցնի Հայաստանը կամ խափանի այդ պրոցեսը:

Դեռ չի ավարտվել այդ պրոցեսը, և ես ակնհայտ տեսնում եմ, որ իրենք դեռևս ձեռք չեն քաշել Հայաստանից և այս բոլոր՝ և՛ Եվրախորհրդի քննարկումը՝այդ շոուն, որովհետև ես հստակ գիտեմ՝ Արևմուտքը միանշանակ պաշտպանում է Ադրբեջանին: Ինձ համար Ադրբեջանը դա Թուրքիա է, Թուրքիան դա ՆԱՏՕ է, ՆԱՏՕ-ն դա Արևմուտք է: Եվ ակնհայտ է ինձ համար, որ Արևմուտքը ամեն ինչ անելու է, որ պաշտպանի Ադրբեջանի շահերը: Պաշտպանելու է և՛ Ադրբեջանի շահերը, և՛ ամեն ինչ անելու է, որ հնարավորինս Հայաստանին հետ պահի այդ քայլից: Նույնիսկ չեմ բացառում, որ մտքներով անցնում է այստեղ էլ Մայդան անել. ինչո՞ւ ոչ: Նույնիսկ ասեմ, որ հնարավորություն լինի՝ կանեն: Այս կոնտեքստում եմ ես դիտարկում և այս սահմանային լարվածությունը, և նաև այն, ինչ տեղի է ունենում Բաքվում՝ քննարկումները: Ես բոլորը այս կոնտեքստում եմ տեսնում: Կոնցեպտուալ տեսնում եմ այդ քայլերի իմաստը»:

Սոս Գիմիշյանի խոսքով՝ Ղազախստանի նախագահն «ի վերջո Թուրքիա է»: Եվ նա իր հայտնի հայտարարությամբ ոչ թե Մաքսային միության շահերը պաշտպանեց, այլ՝ իր ազգակիցների շահերը: «Ի վերջո, նա նաև այդ մուսուլմանական լիգայի անդամ է, ինքը այնտեղ էլ միավորներ է ուզում հավաքել, հարաբերություններ կարգավորել և ամեն դեպքում ձգտում է որոշակի ինքնուրույնություն ցուցաբերել, որովհետև, գիտեք, Մաքսային միության գաղափարը ընդհանրապես ամենասկզբից եփվում է Ռուսաստանում, բայց անսպասելի մի պահ դրա նախաձեռնողը հանդիսացավ Ղազախստանը. դա պատահական չէ: Ես տեսնում եմ՝ այստեղ նաև Արևմուտքի մատն է խառը, որ ռուսական գաղափար չամրագրվի, դա Ղազախստանի կողմից բխեց: Այսինքն՝ Ղազախստանը երկակի խաղ է տանում, իհարկե՝ ելնելով նախ և առաջ իր շահերից, նույնիսկ ստորադասում է Մաքսային միության կամ Եվրազեսի շահերը. կարող է նաև այդպիսի հայտարարություն հրապարակային անել: Բայց համոզված եմ, որ արդյունքը, այս նույնիսկ վատ միջադեպը, որ արվեց Նազարաբաևի մասնակցությամբ, խելոք լինելու դեպքում կարելի է հօգուտ օգտագործել: Տեսեք հնչեցրեց, ասաց պետք է մաքսային սահման լինի՝ պահանջ դրեց: Բոլորն ասացին՝ հա, դե Ղարաբաղի հետ չենք գալիս, բայց ի վերջո համոզված են, որ սահման չի լինելու: Եվ այն, ինչ հնչեցրեց Նազարբաևը, ի վերջո ծառայելու է հօգուտ մեզ: Կարող է ծառայել, եթե խելոք լինենք, որովհետև մենք՝ պարզ է սահման չենք դնելու, մաքսային սահման Հայաստանի և Ղարաբաղի միջև՝ բացառվում է, չի լինելու: Արդյունքում՝ փաստացի լինելու է այնպես, որ Ղարաբաղն էլ հետը մտավ: Որովհետև այդպիսի խնդիր ունի Ռուսաստանը՝ դա Ղրիմն է:

Նազարբաևը թող Ղրիմի հարցն էլ բարձրացներ: Մի հատ էլ նամակ կազմակերպեր Ուկրաինայից: Այն, ինչ ասաց Գեղամյանը, և այն, ինչ ասում են Ռուսաստանի փորձագետները, իհարկե, ռուսական պատվերը իշխանական պատվեր է, այն ինչը հնչեցրել է: Բայց դե նպատակը վերջնական ի՞նչն է, դա երկրորդային խնդիր է: Ռուսաստանը Մինսկի խմբի երկիր է, և Ռուսաստանը ոչ կարող է Ղարաբաղը ճանաչել… շատ հաճախ մեր քաղաքական գործիչները հարց են դնում՝ այ թող Ռուսաստանը ճանաչի, օրինակ, «Ժառանգությունից» շատ եմ լսել: Ինչպես ճանաչի, եթե նա Մինսկի խմբի անդամ պետություն է և մեզ ձեռնտու է, որ Մինսկի խմբի շրջանակներում շարունակվի պրոցեսը: Ինչո՞ւ է Արևմուտքն անհանգստացել, որովհետև հստակ տեսնում է, որ եթե Հայաստանը մտնում է Մաքսային միություն, ապա Ղարաբաղի հարցը կարող է ամբողջ տարածքով լուծվի հօգուտ հայերի: Դրա համար հիմա ամերիկյան դեսպանը և ամերիկյան գործիչներն ասում են՝ այ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակն էլ ճանաչենք, միջանցք էլ տանք, իհարկե, ոչ ամբողջ Լաչինով: Իսկ նախկինում այդպիսի բան չէին ասում, որովհետև իրենց շահերին դեմ է: Իրենք միանշանակ պաշտպանելու են Ադրբեջանի շահերը, որպես իրենց երկիր. Ադրբեջանի հովանավորները 100 տարի ովքե՞ր են՝ Միացյալ Նահանգներ, Անգլիա, Իսրայել, Թուրքիա: Ադրբեջանը չի կարող մտնել Մաքսային միություն, եթե նույնիսկ ուզենա»,- ասաց Սոս Գիմիշյանը:

Տեսանյութեր

Լրահոս