Բաժիններ՝

Էրդողանի նախընտրական լոգոն նման է Օբամայի նախընտրական լոգոյին

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը ներկայացրել է իր անվանական լոգոն, որը կարելի է անվանել, որպես «թունելի վերջում լույսի» խորհրդանիշ:

Լոգոն անմիջապես ուշադրություն է հրավիրել սոցցանցերում, ուր նկատել են, որ այն բավական նման է 2008 թվականին նախընտրական կամպանիայի ժամանակ ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի օգտագործած լոգոյին:

Էրդողանի լոգոն բաղկացած է երեք հիմնական տարրերից: Առաջին տարրը վերելքն է, այն խորհրդանշում է նոր Թուրքիայի վերածնունդը, երբ երկիրը կաճի ու կզարգանա՝ հասնելով նոր նպատակների ու հորիզոնների: Այն նաև խորհրդանշում է ժողովրդի միասնությունը, լույս, սեր, ջերմություն, կապվածություն ու համերաշխություն:

Երկրորդ տարրը ոլորուն ճանապարհն է, որը խորհրդանշում է դեպի նոր Թուրքիա տանող ուղին. կոռուպցիայի դեմ պայքար, սեփական գործի նկատմամբ հավատարմություն, զօրուգիշեր աշխատանք՝ հանուն ժողովրդի բարօրության:

Երրորդ տարրը թեկնածուի ազգանունն է: Մեծատառերով գրված է Էրդողան, ինչն ի ցույց է դնում երկրի ու ժողովրդի ուժը: Լոգոյի կարմիր գույնը խորհրդանշում է արևածագ, ջերմություն, անկեղծություն, ուժ, կայունություն, թուրքական դրոշ:

Սպիտակ գույնը խորհրդանշում է խաղաղություն, եղբայրություն, միասնություն, խոնարհություն, գթասրտություն: Երկնագույն գույն էլ խորհրդանշում է երկնքի մեծությունը, հուսալիություն, հեղինակություն, խարիզմա, սեփական գործի նկատմամբ հավատարմություն:

Էրդողանն իր նախընտրական կամպանիայի ժամանակ օգտագործելու է երկու կարգախոս. «Ժողովրդական կամք, ժողովրդական իշխանություն» և «Ռեջեփ Թայյիփ Էրդողան՝ մարդը ժողովրդի շարքերից»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական մամուլը ներկայացրել է Էրդողանի «նախագահական ռազմավարությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս