Եթե ստացվի, Արամ Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանին դատի է տալու
«Իմ թշնամիներն են բոլոր նրանք, ովքեր հուշարձան են ոչնչացնում, ով էլ լինի, երբ էլ լինի»,-ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը՝ Աֆրիկյանների շենքի պահպանման թեմայով հրավիրված քննարկման ժամանակ:
Ըստ նրա՝ մենք հիմա նայում ենք ոչնչացող Երևանին. «Կանգնեք հրապարակում և նայեք՝ Թամանայնի թողած շենքերի հետևում ինչեր են կանգած: Եթե որևէ ճարտարապետ կասի, որ դա սիրուն է, ես իրեն կհամարեմ իմ թշնամին: Հա, քիչ ենք պայքարում: Կանգնեք, օգնեք շատ պայքարենք: Մեր Պրոսպեկտի շուկայի համար էրեխեքը կռիվ տվեցին, ծեծվեցին, ոստիկանություն ընկան: Կողքներին էի՞ք: Մի հատ ճարտարապետ կա՞ր»:
Ա. Մանուկյանն ասաց, որ եթե ստացվի՝ երբևէ ինքը Ռոբերտ Քոչարյանին դատի է տալու միայն նրա համար, որ Հայաստանի շարժական հուշարձանները Թուրքիայով տեղափոխեց Գերմանիա. «Այնտեղ 11-րդ դարի ավետարաններ կային, ձեռագրեր կային՝ Վոլտերի, Եկատերինայի… բեռնատարով՝ առանց թույլատվության տեղափոխվեցին Գերմանիա»:
Ա.Մանուկյանն ասաց, որ ինքը և Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանը (որի հետ ինքը աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում), որոշել են հետ «պտտել» օրենքը և բերել հուշարձանների ցուցակը հաստատել խորհրդարանում. «Սա մեծ խնդիր չի լուծի, բայց կարծում եմ՝ բացերից մեկը կարող է փակել: Մենք նախաձեռնել են և մինչև հիմա հաջողություն չունենք 1983-ի հուշարձանների ցուցակը ունենալ: Մենք նախաձեռնել ենք համեմատություն անել՝ ինչ ենք ունեցել, ինչ ենք ստացել Սովետից և ինչն ենք պահպանում, որպեսզի արանքում հուշարձաններ չկորչեն: Եթե այս հարցում կգտնվեն մարդիկ, որոնք կցանկանան մեզ օգնել, ես շնորհակալ կլինեմ: Հանձնաժողովում ունենք աջակցող պատգամավորներ, որոնք իսկապես շատ տրամադրված են հուշարձանները պահպանելով»:
Նա նշեց, որ դժվարությունը կլինի խորհրդարանում օրինագիծն անցկացնելու ժամանակ, որին դեմ կլինի կառավարությունը. «Երբ կառավարությունը դեմ է լինում՝ չմտածելով անգամ, դեմ է քվեարկում մեծամասնությունը, բայց մշակույթի հանձնաժողովում հնարավորություն ունենք անցկացնել ցանկացած նախագիծ, որը դուք կգտնեք այս պահին հրատապ է, անհրաժեշտ է, փրկող է»: